Վերաօծվեց Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցին

Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցավ Սուրբ Սիոն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Եկեղեցին կառուցվել է 1830-ական թթ., բայց տասնամյակներ շարունակ չէր գործում: Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը,Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը,Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդի նախագահ Սոս Սահակյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եկեղեցին վերականգնվել է մի խումբ վաչիանցիների հովանավորությամբ:

Վաչիանում հոգևոր հայրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով և դհոլ-զուռնայով: Գերաշնորհ Վազգեն Սրբազանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց եկեղեցի ունենալու և Սուրբ Խաչի գյուտի տոնի կապակցությամբ, նշեց գյուղում եկեղեցի ունենալու կարևորության մասին: Այնուհետև տեղի ունեցավ դռնբացեքի արարողությունը, որին հաջորդեց եկեղեցու օծման կարգը: Արարողության ընթացքում` արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ջրով ու գինով լվացին եկեղեցու Սուրբ Սեղանը, 16 սյուները և մկրտության ավազանը: Ապա գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու օծումը: Այնուհետև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, երկարատև դադարից հետո, մատուցեց եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց եկեղեցու բակում կանգնեցվաց, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված, խաչքարի օծման կարգը:

Որից հետո կատարվեց մատաղի օրհնություն: Տոնական օրն ավարտվեց ժողովրդական տոնահանդեսով, որտեղ ելույթ ունեցավ Վաչիան ազգագրական պարի խումբը՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նասլետ Քեյան:

2 3 4 5 6 7 8 9

Scroll Up