ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Արցախի դիրքապահներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/ՊՆ.jpg)
Հոկտեմբերի 21-22֊ին Արցախ այցի շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին, ՊԲ հրամանատար, գեներալ֊լեյտենանտ Լևոն Մնացականյանին, քննարկել առկա իրավիճակը, պաշտպանության բանակի պատրաստվածությունը։
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ֊լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Բանակի խորացված հրամանատարական խորհրդակցության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է ՊԲ ներուժի մեծացման հիմնական գործընթացներին, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կիրականացվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:
Պաշտպանության նախարարն ացելել է նաև առաջնագիծ, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են։
Պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել են նաև «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետևել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել և ճաշել են անձնակազմի հետ:
Վիգեն Սարգսյանը ՊԲ հրամանատարի հետ այցելել են նաև կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ: