Հայաստանի ձյուդոիստները մեկնեցին Բուլղարիա

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 4-ինմեկնեց Բուլղարիա`  մասնակցելու մինչեւ 23 տարեկան մարզիկների Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, թիմում ընդգրկված է 3 մարզիկ՝ 66 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, 81 կգ քաշայիններ Մհեր Կարապետյանը եւ Անդրանիկ Չափարյանը: Թիմի գլխավոր մարզիչն Է Տիգրան Բաբայանը:

Խիթարյանը նշեց, որ Հայաստանի ձյուդոիստները մինչ մրցաշարի մեկնարկը՝ նոյեմբերի 15-ը, Բուլղարիայում 10-օրյա համատեղ ուսումամարզական հավաք կանցկացնեն այս երկրի մարզիկների հետ :

Նա ափսոսանք հայտնեց, որ թիմի հետ չի կարողացել մեկնել եւս մեկ ձյուդոիստ՝ Գոռ Հարությունյանը, ով վնասվածք ունի, եւ մարզաձեւի ֆեդերացիան որոշեց ռիսկի չդիմել եւ չուղարկել Հարությունյանին Բուլղարիա` տեղում ապահովելով նրա լիարժեք բուժումը:

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 15-18-ը, դրան մասնակցող Հայաստանի բոլոր ձյուդոիստները միջազգային մրցումների լուրջ փորձ ունեն եւ կպայքարեն բարձր տեղերի համար:

http://armenpress.am

Scroll Up