Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներից ևս 3 զույգ ամուսնացան

«Հայորդյաց տանն» ասես ավանդույթ է դարձել ուսումնական տարին սկսել ուսուցիչներին՝ իրենց սաների ամուսնության առթիվ շնորհավորելով։ Այս տարին ոչ միայն բացառություն չէր, այլև 3 զույգի ամուսնության առթիվ շնորհավորելու հնարավորություն էր։ Նրանք բոլորն էլ ծանոթացել են «Հայորդյաց տանը», ապա, ամիսներ անց, ամրագրել իրենց միությունը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Ամիսներ առաջ ամուսնացածներից են նաև Աննա Թումանյանի և Հայկուհի Չոբանյանի սաներ Վարդան Չիլինգարյանը և Անժելիկա Առաքելյանը։

«Ընկերս միշտ առաջարկում էր գալ հայկական դպրոց՝ ասելով, որ դասերը շատ հետաքրքիր են, դասընկերները շատ լավն են ու որ գալուս համար երբեք չեմ փոշմանի։ Լսեցի իրեն, եկա ու իսկապես չփոշմանեցի, այլ շատ ավելին՝ միմիայն շահեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդանը և հավելեց, որ 2015թ․ մարտին կրթօջախի միջանցքում կանգնած աղջիկներից հենց Անժելիկային է նկատել․երկու շաբաթ մտորումներից հետո որոշել է ծանոթանալ։

«Անժելիկային գտնելու ամենահեշտ ձևը սոցցանցի՝ «Հայորդյաց տան» էջում փնտրելն էր։ 2015թ․ ապրիլի 1-ն էր։ Բախտս բերեց այնքանով, որ անունն ու ազգանունը «Ա»-ով էր սկսվում և երկար չփնտրեցի։ Մտա իր էջ, նկարները նայեցի ու որոշեցի գրել, բայց չգիտեի ինչ գրել, ինչպես սկսել շփումը։ Սեղմեցի նամակի կոճակը և զարմանքից քար կտրեցի․ մի հսկայական երկխոսություն բացվեց»,- ժպտալով պատմում է Վարդանը, իսկ Անժելիկան ուշադիր լսում արդեն իսկ բազմիցս լսված, բայց ամեն անգամ նոր էմոցիաներով ներկայացվող պատմությունը։

Իսկ սոցցանցում սկսված, երկու օր տևած և առաջին հայացքից մեկընդմիշտ մոռացված շփումը սկսվել էր 2013թ․, կրկին ապրիլի 1-ին և ավարտվել, քանի որ Անժելիկան բնակվելիս էր եղել Ուֆայում։

«Այն ժամանակ մտածեցի, որ հեռավորության վրա լուրջ հարաբերություններ չեն կարող սկսվել, բայց մտքովս անգամ չէր անցնի, որ Ծիծաղի օրը՝ ապրիլի 1-ն ինձ համար այդքան լուրջ օրվա էր վերածվելու։ Ու ստացվեց այնպես, որ Անժելիկային կրկին հանդիպեցի, բայց այս անգամ «Հայորդյաց տան» շնորհիվ։ Այն ինձ շատ բան տվեց՝ նոր գիտելիքներ, շրջապատ, ընկերներ և իհարկե՝ ընտանիք»,- ասաց Վարդանը, իսկ Անժելիկան հավելեց, որ իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը՝ հարսանիք-պսակադրությունն իրականացել է «Հայորդյաց տան» իրենց ընկերների կազմակերպչական հարցերում օգնությամբ և անմիջական մասնակցությամբ։

Հ․Գ․ «Հայորդյաց տան» անձնակազմը սրտանց շնորհավորում է Վարդանին և Անժելիկային, ԵրանուհիՂազարյանի սաներ՝ ԴավիթԲեկնազարյանին և Մարիանա Գազարովային, Աշոտ Հովհաննիսյանին և Սոնա Ավետիսյանինամուսնության կապակցությամբ և մաղթում, որ «Աստծո միացրածը ոչ մեկ չբաժանի», այլ բոլորի ընտանիքներում սերը միմիայն ավելանա և ամուր ու երջանիկ ընտանիքի հիմք դառնա։

1 2

Scroll Up