Անկարայում հայկական գերեզմանատուն են պղծել. լուսանկարներ

Թուրքիայի Անկարայի նահանգի Սինջանի շրջանի փոքրիկ ավաններից մեկում` Սթանոզում, գանձագողերի կողմից հայկական հին գերեզմանատուն է պղծվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Ըստ Tert.am-ի՝ լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես են գանձագողերը փորել գերեզմաններն ու հանել ոսկորները:
Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին:
Լուսանկարները՝ Մեհմեթ Օզերի
Մըհչըն նշել է, որ բացի մի քանի սրտացավ քաղաքացիներից՝ ոչ ոք չի հետաքրքրվում գերեզմանատան վիճակով, և այն ամբողջովին մատնված է անուշադրության։
Ավելին`կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ:
Մուրադ Մըհչըն հայտնել է, որ իրենք արդեն դիմել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության Սինջանի տարածքային շտաբին, սակայն ակնկալում են, որ Ստամբուլի հայկական պատրիարքարանը նույնպես միջամտի և աջակցի, որպեսզի գերեզմանատան շուրջ պատ կառուցվի:
Նշենք, որ Անկարա քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ (այն անվանում են նաև Զիր) ավանի բնակչությունն Առաջին համաշխարհայինից առաջ ամբողջովին բաղկացած է եղել հայերից, Սթանոզի բնակչության թվաքանակը 20-րդ դարի սկզբին կազմում էր 3.142 (668 ընտանիք): Ինչպես և Անկարայի հայության մեծ մասը, Սթանոզի հայերն էլ այստեղ են գաղթել Կիլիկիայից, 15-րդ դարում: Ըստ որոշ տվյալների՝ հայ գաղթականների ևս մի մեծ խումբ այստեղ է հաստատվել 17-րդ դարում՝ Արևելյան Հայաստանից:
Սթանոզում գործել է երկու հայկական բողոքական եկեղեցի` Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ: Սթանոզի հայերն ունեին նաև երկու կրթական հաստատություն, որտեղ, ընդհանուր առմամբ, կար 500 հայ աշակերտ: Այս շրջանում հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն էին, այգեգործությունն ու անասնապահությունը: Սթանոզում մեծ հռչակ էին վայելում հայ կաշվեգործները, գորգագործները, ներկարարները և մետաքսի արտադրությամբ զբաղվողները: