Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ‹‹IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ›› միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում ընդունեց 14-րդ ‹‹IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ›› միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ուղեկցությամբ գիտաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանի: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

 Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 200 ներկայացուցիչներ 31 երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գերմանիայից, Շվեդիայի, Կանադայի, Ռումինիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջատար ընկերություններից ու համալսարաններից հրավիրված 25 բանախոսներ:

 Սկզբում տիար Ե. Զորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:

Գարեգին Բ Կաթողիկոսը, ողջունելով ամենքին, ի մասնավորի անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելության հետ մեկտեղ եղել է նաև կերտողն ու արարողը հայ մշակույթի և հովանավորը գիտության: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներկաների մատուցած ծառայությունները և կարևոր նկատեց, որ նրանց մտքի արգասիքները նպաստեն միմիայն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց գիտաժողովի նախագահ Ե. Զորյանին` Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած կարևոր ներդրումի և ազգային կյանքում բերած օգտաշատ մասնակցության համար:

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

1 2 3 4

Scroll Up