ՀԱՊԿ ղեկավարներն աջակցել են Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածություններին
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները իրենց ընդունած հայտարարության մեջ աջակցություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանի արդյունքներով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գործընկերները աջակցություն են հայտնել այս տարի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան խնդրին նվիրված գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիայի կանխմանը, իրավիճակի կայունացմանը ու խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը։ «Նստաշրջանի ժամանակ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժ կիրառելու սպառնալիքի անթույլատրելիության, պետություններրի տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»,- հայտնել է նախագահը։