Իրանի շուկայի հետ համագործակցությունը շատ հորիզոններ կարող է բացել․ գործարարներ

Սիրիահայ Լենա Հալաջյանը, ով Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը կազմակերպված «Հայաստան Էքսպո» ցուցահանդեսին ներկայացել էր ընտանեկան բիզնեսով՝ «Մոսինի» բրենդային հագուստների ընկերությամբ, ասում է, որ իրանական շուկան բավական մեծ է, և Հայաստանը պետք է այդ շուկայի մեծությունից օգտվի:
«Անկեղծորեն պետք է ասեմ, որ Հայաստանի դեսպանությունն արտակարգ աշխատանք էր տարել և ամբողջ ցուցահանդեսի ընթացքում, անգամ նախօրեին՝ առավոտ-կեսօրից դեսպան Թումանյանը ներկա էր ցուցահանդեսին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հենց դեսպանի նախաձեռնությամբ ցուցահանդեսին ներկայացում էր Իրանի պաշտոնական կողմը՝ արդյունաբերության նախարարության մակարդակով՝ նախարարների տեղակալներով:
Ըստ Լենա Հալաջյանի՝ Իրանի բիզնես համայնքը հետաքրքրված է Հայաստանով, իրենց արտադրանքի նկատմամբ էլ մեծ հետաքրքրություն առաջացավ: «Ճիշտ է, կոնկրետ պատվերներ չկային, բայց կոնտակտներով փոխանակվեցինք: Իրանի շուկան մեծ է, պետք է այդ շուկայի մեծությունից Հայաստանն օգտվի,- ասաց նա՝ խոսելով նաև իրանական շուկա մուտք գործելու խոչընդոտների մասին,- ես կարող եմ մեր ընկերության մասին ասել․եթե հագուստեղեն է արտահանվում, ապա 100-120 տոկոս պետք է մաքսատուրք վճարվի: Հիմա խոսակցություն կա, որ փոփոխություններ պետք է լինեն. եթե ես հագուստեղեն եմ արտահանում, դրա դիմաց դրան համարժեք մի ուրիշ ապրանք ներմուծեմ Հայաստան, ապա մաքսատուրքը կդառնա 50 տոկոս»:
Լենա Հալաջյանը նշեց, որ Իրանի շուկայի հետ բիզնես համագործակցությունը շատ հորիզոններ կարող է բացել և օգտակար լինել Հայաստանի համար:
Թեհրանում «Հայաստան Էքսպո»-ին մասնակցած «Թի-Էս-Դի» կազմակերպությունն էլ Մարքեթինգի բաժնի պատասխանատու Արփինե Ամիրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք, լինելով նորաստեղծ կազմակերպություն և նպատակ ունենալով ընդլայնել արտահանման ծավալները, ի սկզբանե քաջալերում էին ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը։
«Այն մի նոր հարթակ էր արտասահմանյան շուկաներ մուտք գործելու և նոր համագործակցային կապեր ձեռք բերելու համար։ Այսօր առկա են բազմաթիվ նախապայմաններ իրանական շուկայում գործարար հարաբերություններ հաստատելու և բիզնեսի ընդլայնման ուղղությամբ։ Եվ որպես առաջին քայլ՝ ցուցահանդեսը հիանալի հնարավորություն ընձեռեց ներկայացնելու հայկական շուկայի հնարավորությունները Իրանի հնարավոր գործընկերներին»,- ասաց նա:
Արփինե Ամիրյանը նշեց, որ Թեհրանում կազմակերպված ցուցահանդեսը հնարավորություն ընձեռեց «Թի-Էս-Դի» ընկերությանը դուրս գալ մի նոր հարթակ, որտեղ, նրա խոսքով՝ արտադրանքի ներկայացումն իսկապես մեծ հետաքրքրություն ունեցավ։ «Ցուցահանդեսի արդյունքում ունեցանք մի շարք գործնական հանդիպումներ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչը, հուսով ենք, կհանգեցնի արդյունավետ և փոխշահավետ համագործակցության»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Կազմակերպության Մարքեթինգի բաժնի պատասխանատուն նշեց, որ դեռ հունիսի 6-ին տեղի ունեցած Armphone հեռախոսների շնորհանդեսից հետո իրենց արտադրանքի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած երկրներից էր նաև Իրանը։
«Հետաքրքրությունը մեր արտադրանքի նկատմամբ մեծ էր նաև ցուցահանդեսի շրջանակում, մանավանդ որ Թեհրանում առաջին անգամ ներկայացրինք մեր նոր 2 in 1 մոդելը։ Ունեցանք բազմաթիվ հյուրեր և հանդիպումներ, որոնց արդյունքը հուսով ենք դրական կլինի ընկերության զարգացման և առաջխաղացման համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-8-ը 100-ից ավելի ընկերություններ են ներկայացվել Թեհրանի Միջազգային ցուցահանդեսների կենտրոնում կազմակերպված հայկական ապրանքների և ծառայությունների «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ՝ Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով: