Մարդն ապագայի կարևորագույն կապիտալն է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Forbes հանդեսին

Հեղինակավոր Forbes հանդեսի թղթակից Բրայան Ռաշիդը զրուցել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, որի վերաբերյալ մասնակի կրճատումներով անդրադարձը ներկայացնում ենք ստորև։

«Ես նրա (Ռուբեն Վարդանյանի-Tert.am) հետ պայմանավորվել էի մոսկովյան սրճարաններից մեկում: Քառասունհինգ րոպե շարունակ նստած հետևում էի նրան ու սպասում մեր հանդիպմանը: Նա այլ հանդիպում ուներ ու նստած էր ուրիշ սեղանի մոտ: Մարդիկ անդադար նրան էին մոտենում, ողջագուրվում ու ձեռքը սեղմում: Նա բոլորին ժպտում էր ու, անկասկած, հաճելի մարդու տպավորություն էր թողնում:

Ես նստած էի նրա օգնականի հետ, որը նայում էր Վարդանյանին ու ամենայն ազնվությամբ գովում էր նրա մարդկային բարձր որակները: Իսկ ես լավ գիտեմ, որ եթե ուզում ես մեկի մասին ստույգ բան իմանալ, հարցրու նրա օգնականին»,- այսպես է սկսում Ռաշիդն իր անդրադարձը՝ հաջորդիվ ներկայացնելով Վարդանյանի ամենակարևոր մասնագիտական նվաճումների երկար շարանը:

Հեղինակը նկատում է, որ Վարդանյանի մասնագիտական ձեռքբերումներն այնքան շատ են, որ կարող էր մի առանձին հոդված նվիրել դրանց, սակայն Ռաշիդի խոստովանմամբ՝ իրեն առավելապես հետաքրքրում էր Վարդանյանի մտածելակերպն ու աշխարհայացքը:

Լրագրողի այն հարցին, թե ապագայի, աշխարհի հետագա զարգացման վերաբերյալ ինքն ինչ կանխատեսումներ ունի, Վարդանյանը պատասխանել է. «Ապագան մարդկանցն է. մարդկության զարգացումն աշխարհի փոփոխության գլխավոր մասն է: Այժմ մենք «արդյունաբերական կայսրությունից» անցում ենք կատարել դեպի «ինտելեկտուալ կայսրություն», որտեղ մարդիկ ապագայի ամենակարևոր կապիտալն են: Աշխարհում շատ քիչ տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք ունակ են փոխելու աշխարհը, և ես ներդրումներ եմ անում հենց այդ մարդկանց մեջ»:

Վարդանյանի խոսքով՝ իրեն գրավում են նրանք, ովքեր հետաքրքրասեր են, ուսումնատենչ, լայն մտահորիզոնի տեր են, արագ կողմնորոշվում են ու իրենց տեղը գտնում սրընթաց փոխվող աշխարհում՝ միևնույն ժամանակ համատարիմ մնալով իրենց արժեքներին:

Ռաշիդի հետ զրույցի ընթացքում Վարդանյանը նշել է, որ ապագան կանխատեսելու համար պետք է նախևառաջ ուսումնասիրել անցյալը: Ելնելով սեփական փորձից՝ գործարարը նշել է, որ երբ Խորհրդային միությունը փլուզվեց, ինքն արդեն գիտեր, որ շուտով մեծ հնարավորություններ են բացվելու ֆինանսների ու ներդրումային ոլորտներում: Ուստի՝ Վարդանյանը խորացավ այդ բնագավառներում ու հասավ բոլորին արդեն քաջ հայտնի հաջողություններին:

Իր խոսքում զրուցակիցը նաև առանձնակի ուշադրություն է դարձրել վստահությանը՝ նկատելով, որ վստահությունը պետք է պահպանել կյանքի բոլոր փուլերում:

«Եթե ուզում եք իմանալ, թե որքանով եք վայելում շրջապատի վստահությունը, պարտքով գումար խնդրեք: Եթե ձեզ մեծ գումար տան պարտքով, ապա դուք մեծ վստահություն եք վայելում»,-պարզ գաղտնիքով կիսվել է գործարարը:

Վարդանյանը նաև նշել է, որ սեփական անձի հետ ազնիվ լինելը շատ ավելի հաճելի զգացողություն է, քան հարուստ, հայտնի ու ազդեցիկ լինելը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչի վրա է հաջորդիվ աշխատելու՝ Վարդանյանը նշել է. «Գալիք 25 տարվա ընթացքում առավելապես զբաղվելու եմ կրթության հարցով՝ փորձելով վերականգնել հասարակության՝ ուսուցիչների հանդեպ ժամանակին տածած անսահման հարգանքն ու կրթական նոր մոդել ստեղծել»:

«Իրականում այն, ինչ ես անում եմ, չեմ կարող աշխատանք համարել: Ես չեմ աշխատում, ես պարզապես ապրում եմ: Երբ դու սիրում ես այն, ինչով զբաղվում ես, նույնիսկ կյանքի խելահեղ ռիթմն արդեն խելահեղ չի թվում: Երբ վերահսկում ես կյանքդ, դու գտնում ես խաղաղություն»,- ասել է նա։

«Ես նայում էի նրան ու սեր զգում: Ես ակնհայտորեն հիանում էի նրանով ու զգում, թե ինչ կարևոր գործ է նա անում»,-եզրափակել է լրագրողը:

Scroll Up