Հայկական թեմաներով միջոցառումներ Իտալիայում

Հոկտեմբերի 8-ին Իտալիայի Բերգամո քաղաքում՝ ի լրումն անցյալ տարի տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների, Միլանի պետական համալսարանի հայոց լեզվի և պատմության ամբիոնը՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայկական համայնքի գործակցությամբ, նախաձեռնել էր հետաքրքիր ցուցահանդես, որի բացումը կատարվեց քաղաքի հայտնի «Mutuo Soccorso» սրահում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Իտալիայի հայկական համայնքից՝ ցուցահանդեսի ընթացքում բանախոսեց Իտալիայի Հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը՝ նյութ ունենալով Ցեղասպանությունը վերապրողների և նրանց զավակների հոգևոր, նյութական ներդրումը եվրոպական քաղաքակրթության զանազան ոլորտներում:
Միլանի պետական համալսարանի հայոց լեզվի և պատմության ամբիոնի ուսանողների հայկական թեմաներով պատրաստած աշխատանքներին իրենց մասնակցությունն էին բերել նաև քաղաքի դպրոցների աշակերտները:
Նույն առիթով տպագրության էր հանձնվել նաև գեղեցիկ գրքույկ՝ «Հայկական գծեր և դիմանկարներ» խորագրով: