Արցախում մեծ շուքով նշվել է Բերքի տոնը
Երեկ Արցախում մեծ շուքով նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և շարունակվում է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:
Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց մթերքն ու արտադրանքը:
Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Այնուհետև, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր խոսքում ասել է, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ համաժողովրդական տոնախմբությամբ Ստեփանակերտում նշվում է գյուղատնտեսության աշխատողի և բերքի տոնը:
«Տոնավաճառին մասնակցում են 600-ից ավելի մասնակիցներ՝նախորդ տարվա 430–ի փոխարեն: Այս տարի գյուղատնտեսության աշխատողի տոնը տարբերվում է նրանով, որ ավելացել է նաև ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը: Տոնը հնարավորություն է տալիս, որ անմիջական շփում ստեղծվի արտադրողի և սպառողի միջև: Ներկայացրել ենք նաև ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգով մշակված պտուղներ: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»,- ասել է նախարարը և շնորհավորել գյուղատնտեսությամբ զբաղվողներին մասնագիտական տոնի առթիվ։
Քաշաթաղի շրջանն (54 համայնք) այս տարի տոնավաճառին ներկայացել է 320 ավտոմեքենայով:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և նշել.
«Գյուղատնտեսական տարին նախորդ տարիների համեմատ բարեհաջող էր, հատկապես հացահատիկային մշակաբույսերի առումով»,- ասել է Ա. Մխիթարյանը և հավելել, որ Քաշաթաղում տարեցտարի ընդլայնվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները:
Ընդհանուր առմամբ քաշաթաղցի գյուղացիները գոհ են ընթացիկ տարվա արդյունքներից, որոնց իրացման համար լրացուցիչ հնարավորություն է ընձեռել Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառը, որն ըստ Ա. Մխիթարյանի, նախ և առաջ վերածվել է ավանդական տոնի:
Բերքի տոնն ուղեկցվում էր Ստեփանակերտի և ՀՀ մշակութային համույթների համատեղ կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, զբոսաշրջիկներ, քաղաքացիներ։
Նշենք, որ այս տարվա միջոցառման գլխավոր հովանավորը ՀՀ-ում գործող «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունն է: