Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռները բացեց հայ երեխաների առջև
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/114.jpg)
Միսլատայի (Վալենսիա) հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռներն է բացում տարածաշրջանի հայ երեխաների առջև: Այս տարի դպրոցում կուսանեն 6-14 տարեկան 18 աշակերտ՝ Սվետլանա Կարապետյանի, Գայանե Ղազարյանի և Արարատ Ղուկասյանի դասավանդմամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:
Դպրոցը կունենա երկու դասարան. աշակերտները կսովորեն հայերեն գրել-կարդալ, հայ գրականություն և հայոց պատմություն: Բացի ավանդական դասաժամերից, երեխաները կսովորեն նաև հայկական պարարվեստ, հայկական երաժշտություն և թատերարվեստ: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս երեխաները կպատրաստեն ներկայացումներ, ցուցահանդեսներ և ավարտական հանդես:
Առաջին օրը երեխաներին հաճելի անակնկալ մատուցվեց: Նրանք ստացան նվերներ «Արարատ» հայկական միության կողմից և մասնակցեցին փոքրիկ խնջույքի:
Բարի երթ մաղթենք Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներին և ուսումնական մեծ ձեռքբերումներ: