Բացումը կատարվեց Թ.Հ.Թ. Հայերենագիտական երեկոյան դասընթացների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/կենտրոն.jpg)
Հոկտեմբերի 5-ին կայացավ Թ.Հ.Թ. Հայերենագիտական երեկոյան դասընթացների վերամուտը, ուսուցիչների, ուսանողների եւ պատասխանատուների ներկայությամբ: Այս մասին «Հայերն այսօր»–ը տեղեկանում է «Ալիք» պարբերականից:
Բացումը կատարվեց Տերունական աղոթքով, որից հետո Հրայր Շահնազարյանը, որպես նույն դասընթացների ամբիոնի տնօրեն, բարիգալստյան եւ ողջույնի խոսք ասաց ուսանողներին: Խոսեց դասընթացների բեղուն անցյալի մասին, ինչպես նաեւ անդրադարձ եղավ շրջանավարտների մեծ դերակատարությանը մեր ազգային, հասարակական կյանքում՝ սկսած ուսուցչական ասպարեզից մինչեւ ազգային կյանք:
Դասընթացների ներքին տնօրեն Իսկուհի Ասատրյանը ուսանողներին ծանոթացրեց դասընթացների ընթացքի, օրենքների եւ կարգապահական հարցերի մասին, որից հետո սկսվեցին դասերը` դասախոս-ուսուցիչների ներկայությամբ:
Վերջում տեղեկացվեց, որ առաջին դասարանի ուսանողների արձանագրությունը դեռ շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: