«Սիրելի´ ուսուցիչներ, դուք հայկական շունչ ու ոգի եք ստեղծում դպրոցներում». Հրանուշ Հակոբյան
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսուցիչներ,
Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ հայկական բոլոր կրթօջախների մանկավարժներիդ, Ուսուցչի օրվա առթիվ: Դուք սեր, ջերմություն եք ներդնում, հայկական շունչ ու ոգի ստեղծում հայկական դպրոցներում: Դուք կարողանում եք օտար երկրներում հայ երեխաներին սովորեցնել Մայրենին՝ դպրոցը դարձնելով հայ երեխայի փոքրիկ Հայրենիքը: Ձեր շնորհիվ է, որ հայ երեխայի մեջ խորանում է ազգային գիտակցությունն ու ազգային ոգին:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր անխոնջ ջանքերի ու նվիրումի արդյունքում՝ հայեցի կրթություն ու դաստիարակություն են ստանում հայ սերունդներ, ովքեր սիրում և գնահատում են մեր Մայրենին, մեր Հայրենիքի մշակույթն ու հազարամյակների պատմությունը, հայկական ավանդույթներն ու սովորույթները:
Դուք եք ձեր սաներին տալիս գիտելիքներ, կերտում եք լավ հային և լավ մարդուն:
Հայ ազգի նկատմամբ սերն ու հարգանքը անվերջ պետք է մեծացնել, ձեզ՝ ըստ արժանվույն պետք է գնահատել: Դուք այլ բիզնեսների մեջ խորանալու, շատ դրամ վաստակելու փոխարեն՝ իրականություն եք դարձնում ազգային վեհ գաղափարներ, հային հայ պահելու դժվարին ու պատասխանատու գործն օտար երկրում:
Անկասկած է, որ շատ բարդ է ոչ միայն Հայրենիքից հեռու հայեցի կրթության և դաստիարակության մեծագույն առաքելությունն իրականացնելու այդ գործը, սակայն անգնահատելի է այլ լեզուների ու մշակույթի ազդեցության պայմաններում Այբ, Բեն, Գիմ-ը սովորեցնելու ձեր մեծագույն աշխատանքը:
Մենք հպարտանում ենք, ձեզանով, մենք շնորհակալ ենք ձեզ՝ սիրելի ուսուցիչներ:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ