Գագիկ Գևորգյան. «Ոսկերչությունը մեզ ժառանգված հարստություն է…»

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) և Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ոսկերիչներին Հայաստանում մեկտեղել էր «Երևան շոու-2013» ոսկերչական ցուցահանդեսն ու «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովը:
Ցուցահանդեսի ու Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարների մասին է «Հայերն այսօրի» հարցազրույցը Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանի հետ, ով պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։
– Պարո´ն Գևորգյան, ո՞րն էր հայ ոսկերիչների`Հայաստան այցելության հիմնական նպատակը:
– Մեր նպատակը տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին Հայաստանում հավաքելն է: Սա շատ դժվար աշխատանք է, որովհետև յուրաքանչյուրն այս կամ այն երկրում իր գործն ունի, մտածելակերպը, սովորույթներն են տարբեր: Բայց այս ամենին զուգահեռ կա հայրենիք ասվածը, որը մեծ ձգողական ուժ ունի բոլոր հայերի համար (կարևոր չէ՝ որ երկրում է նա ապրում), ինչից և մենք մեծ սիրով կարողանում ենք «օգուտ ստանալ»: Եվ հայրենիքի սերը, կարոտն առիթ է հանդիսանում, որ Հայաստանում հավաքվենք:
Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք գործարարներ ենք, ունենք մեր հետաքրքրությունները, մեր գործնական մոտեցումը կյանքին և աշխատանքին:
Այս նպատակով ենք Հայաստանում կազմակերպում «Երևան շոու» ցուցահանդեսների շարքը:
Դեռևս մեր պապերն են երազել անկախ հայրենիք ունենալ և անկախ հայրենիքում ոսկերչական ցուցահանդեսներ կազմակերպել: Բայց միայն մեր սերնդին հաջողվեց այդ երազանքն իրականություն դարձնել, և արդեն երրորդ անգամ է՝ Հայաստանում են հավաքվում տասնյակ երկրների հայ ոսկերիչներ:
Այս տարի «Երևան շոուին» մասնակցեց 22 երկրի մոտ 130 հայ ոսկերիչ, ովքեր հնարավորություն ունեցան հայրենիքում ցուցադրելու իրենց արվեստն ու արհեստի ուժը:
– Բացի հայրենիքում հավաքվելուց և ցուցադրվելուց, ուրիշ ի՞նչ նպատակ է հետապնդում «Երևան շոուն»:
– Այս նախաձեռնությամբ ուզում ենք ասել, որ մենք հայ ենք, ունենք հայրենիք, կարող ենք մասնակցել ոչ միայն Շվեյցարիայում, Ամերիկայում, Չինաստանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում կազմակերպվող համաշխարհային ցուցահանդեսների, այլև մեր հայրենիքում ևս կարող ենք ցուցադրվել:
Մենք ինչո՞վ ենք պակաս: Հայերը, լինելով աշխարհի լավագույն ոսկերիչներից, ինչո՞ւ չեն կարող իրենց հայրենիքում կազմակերպել մի ցուցահանդես, որը կընդգրկվի համաշխարհային ցուցահանդեսների շարքում՝ որպես լավագույններից մեկը: Ինչո՞ւ մեր մասնագիտական լավագույն որակները չտեղափոխենք հայրենիք:
Ամենակարևոր նպատակն է՝ գալ հայրենիք, ցուցադրվել ու ստեղծել մի գործնական միջավայր, մթնոլորտ, որտեղ կարող ենք նաև բիզնես անել:
Այո´, զգացմունքային առումով շատ կապված ենք մեր հայրենիքին, սիրում ենք այն, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք ընդունել, որ Հայաստանը շատ լուրջ պետություն է, որտեղ մենք կարող ենք նաև բիզնես հիմնել, ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել:
Կարևոր խնդիր ենք համարում նաև մատաղ սերնդին կրթելը, որպեսզի նրանք կարողանան լավ մասնագետ դառնալ, որ նրանք ամբողջ կյանքում ոչ թե արհեստավոր մնան՝ բանվորի մակարդակի, այլ կարողանան բարձրանալ և դառնալ համաշխարհային անուն ունեցող դիզայներներ:
Եվ ամենակարևորը՝ մեր հիմնական նպատակն է Հայաստանը զարգացնել և դարձնել համաշխարհային լավագույն ոսկերչական կենտրոններից մեկը:
– Պարո´ն Գևորգյան, «Երևան շոուին» միայն հա՞յ ոսկերիչներ են մասնակցում: Նպատակ չունե՞ք ցուցահանդեսին նաև օտար ոսկերիչների ներգրավել:
– Միանշանակ է՝ ամեն ինչի հիմքը սկսվում է հայերից: Եթե հայերս չկարողանանք համախմբվել, մեր կողքին ոչ ոք չի կանգնի:
Ցուցահանդեսին առաջինը հրավիրում ենք հայ ոսկերիչներին, ովքեր մեծ սիրով գալիս են և զարգացնում են այս ոլորտը:
Դրան զուգահեռ հրավիրում ենք նաև օտարների, որոնց գալն ավելի դժվար է: Գիտեք, հայ ազգին բոլորն են ճանաչում, բայց Հայաստանը ամեն մեկը չէ, որ կարող է անգամ քարտեզի վրա ցույց տալ: Մենք ուզում ենք այնպես անել, որ բոլորի շուրթերին Հայաստանը դառնա մի երկիր, որն իրավամբ կզուգակցվի ոսկերչական խոշոր կենտրոնի հետ:
Սա նույնպես մեր նպատակներից մեկն է: Եվ այս առումով «Երևան շոուին» հրավիրել ենք ոսկերիչներ ԱՄԷ-ից, Չինաստանից, Հնդկաստանից:
Սա միայն սկիզբն է: Մենք նպատակ չունենք Հայաստանը ոսկերչական կենտրոն դարձնել միայն հայերի համար: Այն միջազգային կենտրոն պետք է լինի, որտեղ կհավաքվեն ոսկերիչներ Շվեյցարիայից, Գերմանիայից, Ամերիկայից, Իտալիայից, որոնք Հայաստանը կհամարեն լավագույն ներդրումային գոտիներից մեկը:
– Ոսկերչությունը Հայաստանում շատ հարուստ ավանդույթներ ունի, հայ ոսկերիչ-վարպետները տիրապետել են տեխնիկական բազմաթիվ միջոցների: Հետաքրքիր է՝ այսօր հայ ոսկերիչները կարողանո՞ւմ են այդ ամենը պահպանել, կիրառել: Ժամանակակից հայ ոսկերիչը, որն ապրում է աշխարհի տարբեր երկրներում, հայկական ոսկերչական «ձեռագիր» ունի՞ այսօր:
– Հայերիս համար ոսկերչությունը նոր գտնված մասնագիտություն չէ: Այն մեզ մոտ հազարամյակների պատմություն ունի: Այդ են վկայում աշխարհի տարբեր թանգարաններում պահպանվող հայ վարպետների կողմից պատրաստված ոսկերչական իրերը:
Ոսկերչությունը մեր արյան, բնավորության մեջ է, ոսկերչությունը մեզ ժառանգված հարստություն է: Ու սերնդե-սերունդ մեզ փոխանցված ավանդույթները շարունակվում են: Երբ այսօր մենք որևէ իր ենք պատրաստում, թեկուզ ենթագիտակցորեն, հայկական զարդանախշի որևէ տարր անպայման առկա է լինում:
Այդ ամենը պետք է զարգանա նաև մատաղ սերնդի մոտ, ինչին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Այդ նպատակով մոտ կես տարի առաջ ՀՀ կրթության նախարարության հետ պայմանագիր ենք կնքել: Համաձայն այդ պայմանագրի՝ մոտ մեկ տասնյակ ուսումնարաններում, քոլեջներում պետք է դասավանդվեն այն առարկաները, որոնք անհրաժեշտ են մեր ոլորտի մասնագետին:
Կարծում եմ՝ այն գործարարները, ովքեր ապագայում պետք է գան Հայաստան, առաջին հերթին մասնագետների կարիք են ունենալու: Նաև այդ պատճառով ենք մենք նման ծրագիր մշակել:
– Ցավով պետք է նշենք, որ անկախ այն ամենից, թե մենք ինչպիսի ավանդույթներ ենք ունեցել, ոսկերչությունն այսօր Հայաստանում արհեստի մակարդակի վրա է մնում: Ի՞նչն է պատճառը:
– Դա ժամանակավոր երևույթ է: Այդ ամենի մեջ ոչ մի վատ բան չկա: Լավ արհեստավոր լինելն էլ շատ լավ բան է: Պետք է ուրախ լինենք, որ գոնե լավ արհեստավոր ենք: Իսկ հետագայում մակարդակը կբարձրացնենք արվեստի աստիճանի:
– Պարո´ն Գևորգյան, վերջին տարիների Հայ ոսկերիչների համաշխարհային միության ամենակարևոր ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել:
– Միության ամենակարևոր ծրագիրը, որն իրականացնում ենք Հայաստանի կառավարության հետ, ազատ տնտեսական գոտու ստեղծումն է:
Սա շատ մեծ ծրագիր է, որի արդյունքում Հայաստանը կդառնա ոսկերչական հզոր կենտրոն, որը կձգի ինչպես ներդրողներին, արտադրողներին, այնպես էլ արտահանողներին:
Մենք արժանի ենք, որ այդ երազանքը մեր հայրենիքում իրագործենք: Ազատ տնտեսական գոտու տարածքն արդեն ընտրվել է, և շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները։ Կարծում եմ՝ գարնանն արդեն պետական բոլոր ձևակերպումները կստանանք և կսկսենք աշխատել:
Առաջիկա մեկ, երկու տարվա ընթացքում շատ հաճելի նորությունների սպասեք:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը