Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի

Երեկ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում Մայր բուհի և Ուրուգվայի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել: Արամ Սիմոնյանի հյուրը Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանն էր, ով ԵՊՀ էր այցելել կնոջ`Աննա Մարիա Ֆերարիի  հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արարատ Մալխասյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Մայր բուհի պաշտոնական կայքից:

Ռեկտորը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձավ գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:

Ռոբերտո Մարկարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչի արդյունքում ծրագրվում է Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն:

Հյուրը ներկայացրեց նաև Ուրուգվայի պետական համալսարանի կառավարման համակարգը` նշելով, որ ռեկտորի պաշտոնը, որը պետության 20 կարևորագույն պաշտոնների շարքում է, ընտրվում է համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների կողմից: Թեպետ համալսարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից, այնուամենայնիվ այն կառավարությունից միանգամայն անկախ է:

Պրոֆեսորը շեշտեց նաև, որ շատ տպավորված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկություն է հայտնել դրանք կիրառել նաև Ուրուգվայում:

Հանդիպման ավարտին բուհերի միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը չի մնա լոկ թղթի վրա, և բուհերի միջև ակտիվ փոխգործակցություն կծավալվի:

Հավելենք, որ Ռոբերտո Մարկարյանը հանդիպել է նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հայաստան կատարած այցի շրջանակներում պրոֆեսորը կայցելի նաև Հայաստանի շախմատի ակադեմիա, Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Scroll Up