Կայացել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» պաշտոնական շնորհանդեսը

Սեպտեմբերի 26-ին Լիսաբոնում տեղի է  ունեցել «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» պաշտոնական շնորհանդեսը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ շնորհանդեսին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, Պորտուգալիայի խորհրդարանի անդամներ, Պորտուգալիայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աշխատակիցներ, հասարակական ու մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք:

Բացումը կատարվել է  հայկական դուդուկի հնչյունների ներքո՝ Մարտիրոս Սարյանի Հայաստանին  նվիրված կտավի ցուցադրությամբ:

Միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը, ողջունելով ներկաներին, խոսել է Հայաստանի պատմության ու ներկայի մասին, ներկայացրել միության նպատակները։

Այնուհետև ցուցադրվել է երկու վավերագրական ֆիլմ՝ Հայաստանի և հայկական ծագում ունեցող նշանավոր մարդկանց մասին:

Շնորհանդեսի երաժշտական մասում կայացել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ներքո գործող «Կոնսոնանսիա» կամերային նվագախմբի (ղեկավար` Ելենա Ռյաբովա) անդրանիկ համերգը, որի ժամանակ հնչել են հայ և օտարազգի կոմպոզիտորների գործեր, որոնք ընդունվել են մեծ խանդավառությամբ։

Վերջում ներկաների համար կազմակերպվել է հյուրասիրություն։

Հավելենք, որ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն»-ը հիմնադրվել է գարնանը: Միության նպատակն է զարգացնել բարեկամական, մշակութային և համագործակցական կապերը երկու երկրների ժողովուրդների միջև, տարածել հայկական մշակութը Պորտուգալիայում և պորտուգալական մշակույթը Հայաստանում, կազմակերպել Հայաստանի և Պորտուգալիայի մշակութային գործիչների հանդիպումներ, հրապարակել պարբերականներ, թերթեր, զարգացնել համայնքային կյանքը:

Պորտուգալիա-ՀայաստանՊորտուգալիա-Հայաստան1Վահե Մխիթարյան

 

Scroll Up