Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Հելսինկիում
Հոկտեմբերի 2-ին Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցությունը Հելսինկիում կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ընկերակցությունից, միջոցառմանը ներկա էին շուրջ 60 հյուրեր՝ ինչպես հայ, այնպես էլ Հայաստանով հետաքրքրված ֆիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցած հյուրերից յուրաքանչյուրն իր դրական տրամադրվածությամբ ավելի հաճելի դարձրեց այս գեղեցիկ տոնը:
Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով: Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության նախագահ Ֆետի Գասապն իր բացման խոսքում նշեց, որ այս տոնը շատ կարևոր է համայն հայության համար:
Սրահում կազմակերպված էր նաև «Հայրենիքն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես։ Երեխաների նկարները սրահին հաղորդեցին տոնական տեսք։
Միջոցառման ժամանակ ցուցադրվեց CNN-ի «On the roads of Armenia» ֆիլմը, ինչպես նաև Մարտին Բոյաջյանի «Հայաստանյան ակնթարթներ» լուսանկարների ֆոտոշարքը։ Էստոնիայից հրավիրված հայ երաժիշտներ Մարգարիտա Ոսկանյանը և Արա Հարալյանն իրենց գեղեցիկ կատարումներով ուրախ մթնոլորտ ստեղծեցին և հյուրերին մտովի տեղափոխեցին Հայաստան։
Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին մեր հայրենակիցների պատրաստած համեղ տոլման: