Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան

Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան, գրում է «Ակօսը»:
Հարցն ուսումնասիրել և խնդրի վերաբերյալ Թուրքիայի կրթության նախարարին հարցում է հղել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:
Պատգամավորը խնդրել է պատասխանել հարցին, թե Թուրքիայի սահմանադրության ո՞ր կետով է արդարացված այլադավան մոր և հոր երեխայից բացի նույնականացման քարտից (Թուրքիայում անձը հաստատող թղթի վրա արդեն իսկ նշվում է քաղաքացու կրոնական պատկանելիությունը) կրոնը հաստատելու մասին այլ փաստաթուղթ պահանջելը: Եվ եթե կա այդպիսի պահանջ, արդյոք այն պետք է հավասարապես գործի և՛ հայկական, և՛ թուրքական պետական դպրոցներում:
«Եթե այս ամենն իսկապես օրենքից դուրս պայմաններում է իրականացվում, ապա Թուրքիայի կրթության նախարարությունը խնդրի ճշտմանն ու լուծմանն ուղղված որևէ միջոցառում ձեռնարկելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ հարցրել է Քյուրքչուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական istanbulgercegi.com կայքն ուսումնական նոր տարվա ընթացքում մի քանի ահազանգ էր ստացել այն մասին, որ Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող այլազգի երեխաներից մկրտության փաստաթուղթ են պահանջում:
Մի շարք ծնողներ պնդել են, որ դպրոցների ղեկավարությունների ներկայացուցիչները զանգահարել են իրենց և հայտնել, որ եթե իրենց երեխաներն ուզում են ազատվել իսլամի դասից, ապա պետք է մկրտության թուղթ ներկայացնեն:
Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի `կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:
Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ.Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):