Հրաշքներ լինում են

1988թ.-ի երկրաշարժը տասնյակ հազարավոր ընտանիքներ դժբախտացրեց եւ թողեց անօթեւան: Շատ տարիներ են անցել, սակայն բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են այդ մղձավանջը հիշեցնող դոմիկ-տնակներում: Այս ծանր պայմաններն արդեն 28 տարի է Գալստյանների ընտանիքի կյանքի անբաժան ուղեկիցներն են: Ն րանք բազմաթիվ զրկանքներ ու վիշտ են տեսել՝ երկրաշարժին նրանք կորցրեցին իրենց մանկահասակ աղջիկներին, իսկ 1991թ.-ին 6.5 ամսականում 1կգ քաշով ծնված Արթուրի կյանքի համար բժիշկները հույս չէին տալիս:
Գյումրեցի այս ընտանիքը սակայն չընկրկեց, ավելին, մոր՝ Ոսկեհատի հոգատար խնամքի եւ Արթուրի մեծ կամքի շնորհիվ ծանր 2 վիրահատություն տարած տղան, ով ունի հենաշարժողական խնդիր, հրաժարվել է անվասայլակից եւ փորձում է ինքնուրույն տեղաշարժվել: Նրա հաջորդ ձեռքբերումը «Փյունիկ» հաշմադամների սպորտային միությանն անդամագրվելն էր, ինչի արդյունքում Արթուրը բազմաթիվ մեդալներ եւ պատվոգրեր է վաստակել բազկամարտի եւ ծանրամարտի մրցույթներում: Նա ունի նաեւ համակարգչային օպերատորի որակավորում եւ այսօր փորձում է աշխատանք գտնել եւ մեղմացնել տան հոգսերը: Ընտանիքի միակ եկամուտը երրորդ կարգի հաշմանադամ հոր՝ Լյովայի նպաստն է եւ թոշակը:
Ընտանիքի սրտառուչ պատմությանն անտարբեր չեղավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը, որի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի անխոնջ աշխատանքի եւ Գերմանիայի հայ համայնքի առատաձեռն հանգանակությունների ադյունքում Գալստյանների կյանքում նոր ու լուսավոր էջ բացվեց՝ Հիմնադրամի աշխատակիցներն ընտանիքին նվիրեցին 3 սենյականոց բարենորոգ բնակարան: Այն տանտերերին հանձնվեց հիմնովին կահավորված, ջեռուցման համակարգով եւ անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով հագեցած:
Դժվար է բառերով նկարագրել այն ուրախությունն ու ցասումը, որն ապրեցին Գալստյանները, երբ նրանց բոլորովին ասպասելի հանձնվեց բնակարանի բանալիները: Նույն օրը մեծ ցնծություն էր նաեւ գյումրեցի մեկ այլ անօթեւան ընտանիքում, ում եւս Գերմանիայի մեր հայրենակիցների միջոցներով մեկ բնակարան նվիրաբերվեց: 53-ամյա Անահիտ Սուքիասյանն արդեն 16 տարի է միայնակ է խնամում իր 4 զավակներին: Կենցաղային ծանր պայմաներում ապրելու հետեւանքով ընտանիքի կերակրող միակ ձեռքն առողջական խնդիրներ է ձեռք բերել, սակայն ցանկացած աշխատանք կատարում է երեխաներին ուսումից չկտրելու եւ դոմիկի վարձը տալու համար: Մեծ որդին ծառայում է բանակում, աղջիկներից մեկն էլ ուսման վարձը չվճարելու պատճառով կիսատ է թողել ուսումը: Ամենփոքրը միայն օրերս է գրենական պիտույքներ նվեր ստացել եւ արդեն սկսել է դպրոց հաճախել: Դոմիկի վարձն էլ վաղուց վճարված չէր:
Իրենց բնակարաններ ոտք դնելուց սկսած ուրախության արցունքներ էին անվերջ հոսում մեր հերոսների աչքերից, որոնք կարծես չէին հավատում իրենց տեսածին եւ լուռ բացականչում էին՝ հրաշքներ լինում են:
Հիմնադրամի մամուլի գրասենյակ