ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90-ամյակի հանդիսավոր արարողությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/nax.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90-ամյակի հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆի քաղաքապետ Ռեյնհարդ Նաումանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանաքը:
Ողջունելով արարողության մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց համայնքի ստեղծման 90-ամյա հոբելյանը: Նա բարձր գնահատեց համայնքի կերտած պատմությունն ու նրա նորօրյա ջանքերը` ի նպաստ հայապահպանությանն ուղղված աշխատանքի, նվիրումի և ազգասիրության: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր ջանքերի շնորհիվ է, որ գործում են մեկօրյա դպրոցներ ու մշակութային տներ, եկեղեցի ու համալսարանական հայկական կենտրոններ: Ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ փորձում եք փոքրիկներին, պատանիներին և աղջիկներին փոխանցել մեր լեզուն, ստեղծել մշակութային խմբեր, տեղյակ պահել պատմությանը և, իհարկե, Հայրենիք այցելելով՝ երիտասարդներին ծանոթացնել իրենց պատմական Հայրենիքին»:
Դասախոսությամբ հանդես եկավ Բոխումի Սփյուռքի և ցեղասպանության հարցերն ուսումնասիրող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Հրաչուհի Բասսենզը, Սիլվա Շմեդինգ-Ֆարմասյանը, Գոռ Հարությունյանը:
Բեռինում հայ համայնքը հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է 1923թ, եղել է Գերմանիայում գոյություն ունեցող առաջին հայկական համայնքը: 2006թ համայնքը վերանվանվեց «Բեռլինի Հայ Եկեղեցական և Մշակութային համայնք» : Այնտեղ ապրում է շուրջ 1500 հայ : Համայնքն ունի կենտրոն, որն անդամներն անվանում են «Հայ տուն»: Յուրաքանչուր ուրբաթ Հայ տունը հաճելի հավաքատեղի է համայնքի անդամների և բոլոր հայերի համար :
Հայ տանը գործում է կիրակնօրյա հայկական դպրոց և պարախումբ: Վերջերս բացվել է նաև համայնքի գրադարանը, որտեղ կարելի է գտնել մանկական, ինչպես նաև հայկական գրականությանը, արվեստին, պատմությանը, լեզվին, Եկեղեցուն և կրոնական թեմաներին վերաբերող գրքեր, հանրագիտարաններ : Համայնքն ունի նաև եկեղեցական երգչախումբ: