ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին

Եվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացավ «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջև միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձևաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արևելյան գործընկերության և այլ երկրներ:
Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարևոր միգրացիոն խնդիրները և ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձևավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։
Համաժողովի բանախոսներն ընդգծեցին, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով: