Երբ անհնարինը դառնում է հնարավոր

Նոյեմբերյան քաղաքում եւ հարակից բնակավայրերում մեծից փոքր լավ գիտեն ամերիկացի հայտնի բժիշկ Քեւին Ռոբերթսին եւ իր գործընկերներին, որոնց կատարած հրաշագործությունների մասին այսօր էլ խոսում են: Այստեղ նրանց այցին միշտ են սպասում, եւ այդ օրերին անսովոր աշխուժություն է ապրում հեռավոր այս քաղաքը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:

Մարդիկ այստեղ են գալիս ընտանիքներով, հարազատներով ու ընկերներով, գալիս հեռավոր գյուղերից, քաղաքներից անգամ հարեւան մարզերից. բոլորի նպատակը մեկն է՝ վերականգնել եւ պահպանել իրենց ամենթանկ բանը՝ առողջությունը:

2015-ի աշունն էր, Տավուշի մարզում նախապես հայտարարվել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, համագործակցելով «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի /ԱՄՆ/ հետ, Նոյեմբերյանի հիվանդանոցում կազմակերպում է անվճար վիրահատություններ, բուժզննում, դեղորայքի տրամադրում: Սկզբնական շրջանում մարդկանց մոտ թերահավատություն կար՝ բուժծառայությունների անվճար լինելու եւ դրա որակի հետ կապված, ինչի մասին վկայում էր նախապես գրանցվածների թիվը: Սակայն բուժծառայությունների առաջին իսկ օրից դիմորդների թիվը կտրուկ սկսեց աճել: 35 առաջատար բժիշկներից բաղկացած խումբը՝ ի դեմս «Գլենդեյլ Ադվենտիստ» ԲԿ-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Քեւին Ռոբերթսի, ընդամենը 5 օրվա ընթացքում արեցին անհանրինը՝ 40 տարբեր բարդության վիրահատություն, շուրջ 900 բնակիչ էլ ստացավ բուժօգնություն, դեորայք եւ խորհրդատվություն:

Այդ օրերին որակյալ բուժսպասարկումից եւ հոգատար վերաբերմունքից բացի մարդիկ ականատես եղան նաեւ բժշկական հրաշագործությունների: Դրանցից առավել հուզիչը կողբեցի 5-ամյա Նարեկի խոսելու ունակության վերականգնում էր: Դժվար է նկարագրել փոքրիկ տղայի ծնողների ուրախությունը, երբ նրանք առաջին անգամ լսեցին իրենց առաջնեկի խոսքը: Պակաս տպավորիչ չէր նաեւ Արթիկի բնակիչ 35-ամյա Լիլիթի բարդ վիրահատությունը, ինչի արդյունքում երիտասարդ մանկավարժն այսօր կարողանում է առանց ցավերի ու դժվարությունների հաց ուտել, ջուր խմել եւ գեղեցիկ ժպտալ: Իսկ 63-ամյա Սեդայի եւ 80-ամյա Զենիչկայի կյանքն անհետաձգելի վիրահատության շնորհիվ բառացիորեն փրկվեց վիրահատասեղանին:

Հարկ է նշել, որ բժիշկների կազմում, ի պատիվ մեզ, շատ են ամերիկահայ հայտնի եւ առաջատար մասնագետներ՝ սրտաբաններ Արբի Նահապետյանը, Հարութ Մեսրոպյանը, թոքաբան Արին Աբուլյանը եւ ծնոտաբան Արմոնդ Կոտիկյանը: Նոյեմբերյանի հիվանդանոցի ընտրությունն էլ պատահական չէր. այն հիմնանորոգվել է, կահավորվել, բուժսարքավորումներով եւ շտապօգնության մեքենաններով համալրվել Հիմնադրամի բարերարների կողմից:

Կրկին աշուն է, իսկ դա նշանակում է, որ շուտով Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ Հայաստան կժամանի Քեւին Ռոբերթսն իր արդեն ընդլայնված աշխատակազմով եւ կրկին Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրող հարյուրավոր մարդիկ հնարավորություն կունենան օգտվել այս կարեւոր ու բացառիկ ձեռնարկից:

Հերթագրումն սկսված է:

1 2

Scroll Up