Օլեքսանդր Բոժկո.«Ես սերտորեն կապված եմ հայոց գրական գործընթացին»

Օրերս Հայաստանում էր անվանի հայագետ, Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոն: Միշտ էլ հաճելի է զրուցել այս հրաշալի անձնավորության հետ, ում հետ իմ բարեկամության սկիզբը դրվել է դեռևս 1970-ականներին, երբ նա ուսանում էր Երևանի պետական համալսարանում:
–Մեծարգո՛ պարոն Բոժկո, Դուք օրերս պարգևատրվեցիք ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Թույլ տվեք շնորհավորել պարգևի համար մեր բոլոր ընթերցողների և հատկապես սփյուռքահայերի անունից, որոնք գիտեն և ճանաչում են Ձեզ, բարձր գնահատում Ձեր ներդրումները հայ–ուկրաինական կապերի ամրապնդման գործում:
-Շատ շնորհակալություն, դա ինձ համար մեծ պատիվ է : Այդ կոչումը պարտադրում է ինձ ավելի ու ավելի շատ աշխատել Ուկրաինայում հայոց լեզվի տարածման և պահպանման գործում:
–Տևական ժամանակ է, որ Դուք ՀՀ–ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը չեք, սակայն շատ հաճախ եք Հայաստանում՝ յուրովի սերտակցված մեր մշակութային–գրական ընթացքին: Ինչպե՞ս եք գնահատում հայ–ուկրաինական մշակութային կապերը վերջին տասնամյակում:
Իրոք, ես սերտորեն կապված եմ հայոց գրական գործընթացին: Իմ այցը Հայաստան տիկնոջս՝ Ռաիսա Ղարագյոզյանի հետ, որը ուկրաինական արդի գրականությունը հայերենով ներկայացնող թարգմանչուհի է, համընկավ հայ գրողների համագումարի անցկացմանը, և մենք ներկա եղանք այդ կարևոր իրադարձությանը իմ հայ գրչակիցների համար: Ես հանդիպում ունեցա Հայաստանի Գրողների միության նոր ղեկավարության հետ: Պետք է ասեմ, որ, ցավոք, մեր մշակութային կապերն այսօր պատշաճ մակարդակի վրա չեն: Այն չի բավարարում ո՛չ մեզ՝ ուկրաինացիներիս, ո՛չ էլ, իհարկե, ձեզ՝ հայերիդ: Այո՛, լույս են տեսնում նոր թարգմանություններ, օրինակ՝ Լ.Խեչոյանի «Խնկի ծառեր» գիրքը, Ե. Չարենցի «Գիրք ճանապարհին»՝ համապատասխանաբար՝ Ա. Մեսրոպյանի և Մ.Նեստերչուկի թարգմանությամբ, իր էջերն է նվիրել հայ գրողներին «Վսեսվիտ» ամսագիրը, իսկ անցյալ տարի Երևանում Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ հրատարակվեց Մ.Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» և Ս.Փարաջանովի «Հավերժ շարժում» միհատորյակն իմ առաջաբանով: Բայց դա քիչ է, քիչ: Այդ գործընթացը չունի լայնահուն, մշտական, շարունակական բնույթ: Նոր սերնդի մեր և ձեր գրողներն իրար համարյա չեն ճանաչում, մենք գրեթե անտեղյակ ենք մեր գրականություններում տեղի ունեցող անցուդարձին… Այնպես որ, նոր ժամանակներում կատարված քաղաքական փոփոխությունների հետևանքով առաջացած ճեղքվածքը լցնելու համար առջևում շատ անելիք կա:
–Հայաստանը և Ուկրաինան աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեն, տարբեր մոտեցումներ: Ինչպե՞ս կգնահատեք մեր երկու պետության քաղաքական և տնտեսական համագործակցությունը, արդյո՞ք բավարար է այն մակարդակը, որը ձևավորվել է այժմ:
-Դուք երևի նկատի ունեք Կիևի որոշումը՝ Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիության հետ ազատ առևտրի համապարփակ պայմանագրի ստորագրումը և Մաքսային միությանը Հայաստանի միանալը: Ճիշտ է, ամեն մի պետություն, իր զարգացման ռազմավարական ծրագիրը կազմելիս, ելնում է իր ազգային, սոցիալ- տնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններից: Բայց դա չի նշանակում, որ Վիլնյուսից հետո մեր միջև պատ է ծառանալու: Ընդհակառակը, եթե նոյեմբերի վերջում Ուկաինայի նախագահը դիմանա Ռուսաստանի գործադրած ամեհի ճնշմանը և իր ստորագրությունը դնի եվրոասոցացման պայմանագրի տակ, ապա մեր երկիրը կսկսի , այո՛, շատ դժվարին ճանապարհով իր քայլ առ քայլ շարժումը՝ բոլոր ոլորտներում հասնելու համար եվրոպական չափանիշների: Մենք հույս ունենք, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, և դա լավ օրինակ կլինի ԱՊՀ-ի մյուս պետությունների, այդ թվում՝ նաև Հայաստանի համար:
–Մեր ժողովրդի ճակատագիրը մեզ տարել է Սփյուռքի ծավալների ընդլայնմանը: Ոմանք ուրախանում են Սփյուռքի գոյությամբ, մինչդեռ ես սա ազգային ողբերգություն եմ համարում: Հայկական գաղթավայր կա ձևավորված նաև Ուկրաինայում, որը հարյուրամյակների պատմություն ունի: Արդյո՞ք այսօր ձևավորվող ուկրանական հայկական սփյուռքը կարողանում է ներգրավվել Ուկրաինայի քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերում:
-Եթե երկիրն ամայանում է, ապա դա, իրոք, ազգային ողբերգություն է: Հիշենք պատմական տարբեր ժամանակաշրջաններում, մասնավորապես 20-րդ դարում հայ ժողովրդի նկուատմամբ գործված եղերական իրադարձություններից թելադրված տեղաշարժերը, որոնք զգալիորեն նվազեցրին Հայաստանի տարածքն ու հայաթափ արին այն: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, այն իսկապես ձևավորվում է և ամեն տարի ավելի ազդեցիկ է դառնում: Իրենց աշխատասիրության, տաղանդի շնորհիվ հայերը գործուն մասնակցություն ունեն Ուկրաինայի տնտեսական, քաղաքական և կրթամշակութային կյանքում: Հին Հայաստանում այսպես էին հաշվում՝ մեկ, տասը, հարյուր, հազար, հետո ասում էին «բազում»: Այդքան հայեր կան Ուկրաինայում: Եվ նրանց թիվն ավելանում և ավելանում է: Երբ հանգստանում եմ Ղրիմում, ապա անպատճառ մասնակցում եմ Վարդավառի տոներին, որ անցկացվում են Սուրբ Խաչ մենաստանում: XV դարի ճարտարապետական այդ համալիրը գտնվում է Ղրիմի գեղատեսիլ մի անկյունում: Ոչ միայն Ղրիմի, այլև Ուկրաինայի տարբեր ծայրերից հայերը հավաքվում են այնտեղ ամբողջ ընտանիքներով: Բացի դրանից, այնտեղ անցկացվում է հայկական գեղարվեստական խմբերի ամենամյա փառատոն: Եվ ամեն անգամ ես այնտեղ նորանոր երիտասարդ դեմքեր եմ տեսնում: Հիշում եմ, ես նայում էի ինձ սիրելի այդ հայ երիտասարդներին և ուզում էի ասել. «Տղե՛րք, ում եք թողել ձեր գեղեցիկ Հայաստանը, սքանչելի Արցախը… Ախր հիմա 1064 թվականը չէ, երբ հայկական հողերը զավթեցին թուրք սելջուկները և ավերեցին հրաշագեղ մայրաքաղաք Անին…»: Զուր է հուսալ, թե բոլորն անխտիր կդառնան հայրենիք: Հնարավոր է՝ ոմանք վերադառնան: Բայց հիմնականում խելոք, աշխատասեր մասը կմնա Ուկրաինայում, որպեսզի դասավորի իր կյանքը և շենացնի նոր ձեռք բերած իր հայրենիքը: Իհարկե, օրհնյալ լինեն նրանք, բայց ես կուզենայի, որ Հայաստանում շատ հայեր լինեն…
–Դուք քաջածանոթ եք Հայաստանին, լավ գիտեք մեր երկիրը, մեր լեզուն և մեր պատմությունը: Արդյո՞ք բավարար են մեր ջանքերը՝ աշխարհին ներկայանալու, մեր մշակութային ժառանգությունն ու ներկան աշխարհին ցույց տալու ասպարեզում:
– Հայաստանը, այո՛, հնագույն ու մեծ պատմություն ունի, մեծ մշակույթ, քրիստոնեությունը պետական կրոն ընդունած աշխարհի առաջին երկիրն է, Հռոմեական կայսրությունից էլ վաղ կողմնորոշված երկիրը: Իսկ բնությու՜նը… Օրինակ՝ Զանգեզուրը, Գորիսի՝ իմ կնոջ ծննդավայրի, շքեղ ժայռերը… Իսկ ճարտարապետական հնագույնիցս հնագույն հուշարձանները: Իսկ պոեզիա՜ն, Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Մատենադարա՜նը… Էլ որն ասեմ ու որը թողնեմ: Զբոսաշրջիկի համար մի իսկական դրախտ երկիր: Ես կարծում եմ, որ Հայաստանն աշխարհին ներկայանացնելու, հայ մշակութային ժառանգությունն ու ներկան աշխարհին ցույց տալու աշխատանքը ամենօրյա ջանքեր ու ներդրումներ է պահանջում: Բացի դրանից, դա տևական ու երբեք չընդհատվող գործընթաց է:
– Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը երեկ, այսօր և գուցե՝ վաղը….
– Տասնամյակներ առաջ, երբ առաջին անգամ Հայաստան եկա, ես սիրահարվեցի այդ երկրին, նրա մշակույթին, պատմությանը, նրա արևին ու նրա բույրերին և վերջապես՝ նրա մարդկանց: Ես զգում եմ, որ Հայաստանն ինձ միշտ չի հերիքում, դրա համար էլ գալիս եմ ու գալիս՝ կարծես թե ուժ, ներշնչանք ստանալու: Հայաստանը, ինչպես և իմ հայրենիքը՝ Ուկրաինան, մի կտավի սանր խորհրդային հանրապետություններ էին, այժմ անկախ պետություններ են, բայց վերջնականապես անկախ ու ամուր երկրներ դառնալու համար դեռ շատ աշխատանք ունեն անելու: Իսկ վաղը… Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Չէ՞ որ, այնուամենայնիվ, աշխարհը փոխվում է դեպի լավը: Օրինակ, Երևանը շատ է գեղեցկացել: Միայն՝ երանի թե մեղմանար շինարարների երկնաքերներ կառուցելու մոլուցքը, որը ինչ-ինչ չափով խախտում է քաղաքի վարդագույն համանվագի ներդաշնակությունը, անտեսում մեծն Թամանյանի ավանդները:
Զրուցեց Լևոն Մութաֆյանը