Երեւանում զորահանդեսն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում

Երեւանում անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը եւ դրա ընթացքում ներկայացված սպառազինությունը, ըստ երեւույթին, մեծապես անհանգստացրել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գրում է News.am-ը:

Ըստ haqqin.az-ի հաղորդման, ԱՀ-ի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել նախարարության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Դրա ընթացքում սահմանվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջ կանգնած խնդիրները:

Աղբյուրի համաձայն, խորհրդակցությանը նշվել է հետախուզական գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը «թշնամու տարածքում» նոր թիրախներ սահմանելու, դրանց նշանակությունը եւ ոչնչացման կարգը որոշելու համար: Զորքի բոլոր տեսակներին հանձնարարվել է ուժեղացնել աշխատանքի համակարգումն այդ ուղղությամբ:

«Նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է վերահսկողություն սահմանել հակառակորդի ռազմավարական եւ ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ, պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում դրանց օպերատիվ ոչնչացման», – հայտնում է աղբյուրը:

Scroll Up