Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Արցախի վաստակավոր մանկավարժ

Անկախությունն ինձ համար ազգիս խաղաղությունն է, նրա բարեկեցիկ կյանքը
Արդեն 25 տարի է, ինչ հայության համար սեպտեմբերի 21-ը համաժողովրդական տոն է դարձել, որին հասնելու համար տառապանքների ճանապարհ անցած մեր ժողովուրդը երկար էր սպասել, չնայած լավագույն կյանքի մասին երազանքներն այսօր շատ են, բայց սպասելիքները` քիչ, այն էլ մի երիտասարդ պետության մեջ, որտեղ երբեմն մոռացության է տրվում մեծ բանաստեղծի` հայ ժողովրդի փրկությունն իր հավաքական ուժի մեջ տեսնելու պատգամը: Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին, իսկ ամենամեծ կորուստը` հայերի արտագաղթն է, որը, ցավոք, այսօր էլ շարունակվում է ինչ-ինչ պատճառներով: Հիշենք, որ հայրենիքից դուրս հայի համար պետություն չկա, հայության փրկությունն ու ապագան Հայաստանի մեջ է, ու պիտի հուսանք, որ այն մի օր կամբողջանա և կիմաստավորվի մի նոր հայրենադարձությամբ:
Անկախություն… Սա այն է, ինչի մասին մտածել են մեր նախնիները, այն հայ ազգի դարավոր երազանքն է, մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը, ազգիս խաղաղությունը, անկախության արժեքը գիտակցելու կարողությունը: Այն չխաթարված մանկություն է, խնդուն ժպիտներով անհոգ մի կյանք…Անկախությունը ծաղկող հայրենիքն է, բարգավաճող մեր երկիրը, մեր սահմանների անվտանգությունն ու այն պաշտպանող զինվորների անփորձանք ծառայությունը: Անկախությունը հայոց երկրի անխոցելիությունն է, հարատևող ազգի արժանապատիվ կյանքը: Այն նոր սերնդի՝ սեփական աշխատանքով հայրենի պետականությունը ամրապնդելու ջանքերն են, նրա հիշողությունը, որ չպետք է մոռանա ավագ սերդի զրկանքներն ու կորուստներն անկախության ձեռքբերման ճանապարհին:
Տոնի առիթով ցանկանում եմ անկախությունը լցվի մի նոր ժողովրդավարական բովանդակությամբ, արժանվույն գնահատվի դժվարությամբ ձեռքբերվածը, մեր փոքրիկ լեռնաշխարհում էլ հայն ապրի անկախության տեսլականին փոխարինված իրական անկախությամբ: Թող նորոգվի հավերժության ընթացքը, հարատևի հայ տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, հայոց աշխարհում խաղաղությունը թևածի, անկախությունը դառնա յուրաքանչյուրի համար աշխատասիրության, խիզախության, ինքնության ամրապնդման հավիտենական նվիրաբերում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի