Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի միջև
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Շվեյցարիա.jpg)
Սեպտեմբերի 16-ին Ֆրիբուրգում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարական Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն:
Կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի, առևտրատնտեսական, հյուպատոսական, իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվեց Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերի շարունակումը:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: