Սեպտեմբերի 12-ին «Գրանտ Հոտել Սոֆիա» հյուրանոցի «Սոֆիա» դահլիճում տեղի ունեցավ ««Արժեքներ, կրոն և աշխարհականություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» ընկերակցությունը, «Վիլֆրեդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնը՝ համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի» Բուլղարիայի ներկայացուցչության: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանը:
Գիտաժողովին պաշտոնական հրավերով մասնակցել և ելույթ է ունեցել նաև Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Իր խոսքում Առաջնորդ հայրը նշել է, որ Եվրոպական ինքնության հարցը նույնքան հին է, որքան նույն ինքը Եվրոպական քաղաքակրթությունը, սակայն այսօր այն դարձել է օրակարգային:
«Միասնական եվրոպական ինքնությունը, սակայն, համեմատաբար նոր է: Վերջին 50 տարիների ընթացքին, ասելով եվրոպական ինքնություն, հասկանում ենք ավելի Եվրոմիության կողմից ընդունված սկզբունքների ամբողջությունը: Սակայն խնդիրն այն է, որ մայրցամաքի ժողովուրդները համաեվրոպական արժեքները ընկալում են տարբեր կերպերով: Հիմնական արժեքը, որը միավորում է եվրոպացիներին` քրիստոնեությունն է:», նշել է հոգեշնորհ Հայր Սուրբը:
Հայր Իսահակը իր ելույթում շեշտել է, որ Իրավական անսխալ համարվող սկզբունքներն անջատված են սկզբնաղբյուրից` Ս. Գրքից: Մարդկությանը հայտնի բոլոր գաղափարների` ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն, ազգերի հաշտություն, ակունքը Ս. Գիրքն է: Այն վերհանում է քրիստոնեական արժեքներ: Սակայն անհրաժեշտություն կա այդ արժեքները ստույգ հասկանալու և գործածելու ավետարանական սկզբունքով, ինչպես որ Պողոս առաքյալն է պատգամում. <<Չլինի թե ձեր ազատությունը որպես չարության ծածկոց օգտագործեք >>:
Ոորքան էլ հասարակությունը ազատական միջավայրում ապրի, բարոյականությունն ու բարոյագիտությունը անմիջականորեն կապված են քաղաքականության և քաղաքական վերնախավի հետ: «Իսկ վերնախավը, ինչ էլ որ լինի, չպետք է դադարի եկեղեցու անդամ լինելուց և պետք է փորձի վերստին ընդունի քրիստոնյական արժեքները, որպես սկզբունք: Քրիստոնյական կյանքի առաջնահերթությունը գաղտնիք չէ, հարկավոր է միայն այն կյանքում գործադրել:», ասել է Առաջնորդ հայրը:
Գիտաժողովում ելույթ են ունեցել «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» ընկերակցության նախագահ, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆընդըկովան, Բուլղարիայի նախկին ներքին գործերի նախարար, պատգամավոր Ցվետան Ցվետանովը, «Վիլֆրեդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահ Միկուլաշ Ձուրինդան, «Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի» Բուլղարիայի ներկայացուցչության ղեկավար Տորստեն Գայսլերը, Բուլղարիայի կառավարության առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար դ-ր Գեորգի Կրըստևը, ինչպես նաև պատգամավորներ, գիտնականներ, ասվածաբաններ: