Մոսկվայի պետական համալսարանում մեկնարկել է հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/mgupic.thumb_.jpg)
ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս/թ. սեպտեմբերի 14-ին Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրավիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՄՊՀ պատմության ֆակուլտետն ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության «Անիվ» հիմնադրամը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:
Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում՝ ընդգծելով, որ ռուս-հայկական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն ներկայիս տարածաշրջանային զարգացումների համայնապատկերում:
Գիտաժողովի շրջանակներում բացվել է նաև հայ-ռուսական թեմատիկայով պատմափաստագրական ցուցահանդես, նախատեսված է նաև հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:
Հավելենք նաև, որ գիտաժողովի մեկնարկից առաջ տեղի է ունեցել առանձնազրույց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի և Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի միջև, որի ընթացքում քննարկվել են կրթական և գիտական ոլորտում բուհի հետ համագործակցության տարաբնույթ հարցեր: Դեսպան Օ.Եսայանը շնորհակալություն է հայտնել ՄՊՀ ռեկտորին՝ հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով քննարկվելիք հարցերի արդիականությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Իր հերթին Վ.Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: