Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը
Սարատովի մարզի «ԿՌՈՒՆԿ» հայկական համայնքի ստեղծման առաջին իսկ օրից ( 1994 թ.) ուսումնատենչ աշակերտների առջև իր դռներն է բացել կիրակնօրյա դպրոցը, որն այժմ, համաձայն համայնքի 2012թ. հաստատած կանոնադրության, կոչվում է «Հայ ժողովրդի պատմության, լեզվի և էթնոմշակութային ավանդույթների ուսումնասիրման ստուդիա»: Այն 2000 թ-ից ղեկավարում է Նունե Լեկդարի Բարեղամյանը: Ստուդիան բաղկացած է երկդասյա դպրոցից և « Կռունկ» երիտասարդական թատերական խմբից:
Դպրոցում առարկաները դասավանդվում են ըստ «Կռունկ» համայնքի կառավարման խորհրդով հաստատված երկամյա կրթական ծրագրի (հեղինակ Ն.Լ. Բարեղամյան):
Կրթության առաջին փուլում, համաձայն «Հայերենի ուսուցման առաջին աստիճան» ծրագրի, ունկնդիրները ձեռք են բերում գրավոր և բանավոր խոսքի հմտություն:
Ուսուցման երկրորդ փուլում, համաձայն «Հայերենի ուսուցման երկրորդ աստիճան» ծրագրի, խորացվում են արդեն ստացված և համակարգված գիտելիքները, ինչպես նաև ձեռք են բերվում նոր գիտելիքներ քերականություն, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց էթնոմշակութային արժեքներ առարկաներից:
Աշակերտների քանակը դպրոցում 108 է, տարիքը՝ 7- ից մինչ 55 տարեկան:
Դպրոցը բազմաճյուղ է և գործում է տարբեր վայրերում՝ քաղաք Սարատով, Պուգաչովի, Կրասնակուտի շրջաններ, գյուղ Բագաևկա:
Այս տարի նախատեսվում է նաև բացել մասնաճյուղեր Կալինինսկի և Երշովի շրջաններում:
Վերջին երեք տարիների աշխատանքների շնորհիվ 5 անգամ ավելացել է համայնք հաճախող ուսումնատենչ երիտասարդների թիվը, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում նաև « Կռունկ» երիտասարդական թատերականխմբի աշխատանքներում:
Խումբը զբաղվում է բազմաբնույթ միջոցառումների, երեկույթների, ցերեկույթների, բարեգործական համերգների , կոնֆերանսների կազմակերպմամբ: Խմբում ընդգրկված են ասմունքողներ, երգիչներ, երաժիշտներ, անհատ կատարողներ:
Շնորհիվ կրթական և լուսավորչական ուղղվածություն ունեցող բարձրակարգ միջոցառումների և ծրագրերի, որոնք իրականացվում են ստուդիայի աշխատանքների շրջանակներում, համայնքի գործունեությունը մեծ մասսայականություն է վայելում ողջ տարածաշրջանի մակարդակով: Ներկա պահին ստուդիան հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրման գործընթացում և քարոզարշավում իրականացնում է երեք ծրագիր` «ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ», «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ», «ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ», որոնց նպատակն է՝ կրթել և դաստիարակել երիտասարդներին և պատանիներին հայ ոգով, պահպանել և տարածել հայ ժողովրդի մշակույթը Սարատովի մարզում, բարեկամական կապեր հաստատել տարածաշրջանի վարչական միավորների, համայնքների, ուսումնական և մշակութային հաստատությունների հետ, խթանել հայապահպանության անհրաժեշտ գործի առաջընթացը, նպաստել Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը: Բոլոր միջոցառումներն ու ծրագրերն իրականացվում են համայնքի ղեկավարության հովանավորությամբ ( նախագահ Հ.Հ. Շառոյան, փոխնախագահ Ա.Ղ. Քոսյան):
Ստուդիան, գործող ծրագրերի շրջանակներում, աշխատում է երկու վարչական միավորների տարածքում ( ք. Սարատով, ք. Էնգելս) գտնվող վեց կրթօջախների և մանկական հաստատությունների հետ՝ Սարատովի թիվ 2 մանկատուն, թիվ 1, թիվ 4, թիվ 5 ինտերնատներ, Էնգելսի թիվ 1 և թիվ 2 ինտերնատներ: Նախատեսվում է հետագա տարիների ընթացքում ընդարձակել ծրագրի իրականացման աշխարհագրությունը:
Գործող լուսավորչական ուղղվածություն ունեցող ծրագրերի մշտական գործընկերներն են՝ Սարատովի մարզի համապարփակ գիտական գրադարանը, Ա. Ս. Պուշկինի անվան քաղաքային մանկական գրադարանը, Սարատովի Վ.Լ. Սոբինովի անվան պետական կոնսերվատորիան, Ազգային մշակույթների քաղաքային կենտրոնը, քաղաքի ուսումնական և մշակաթային շատ հաստատություններ:
Ստուդիան սերտ կապերի մեջ է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության հետ և մասնակցում է կազմակերպած շատ ծրագրերի ու նախաձեռնությունների: