Խաչվերաց տոնի միջոցառումների ժամանակացույցը

Սեպտեմբերի 11-ին  Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է հինգերորդ տաղավար տոնը` Ս. Խաչվերացը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը ներկայացնում է տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների ժամանակացույցը:

Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Ս. Խաչվերացի տոնի առթիվ Երևանի բանուկ կանգառներում  կիրականացնեն Խաչի քարոզ: Այս անգամ նրանք ընտրել են «Կինո Հայրենիք»-ից դեպի «Հայրենիք» առևտրի կենտրոն հատվածի կանգառները։ Երիտասարդներն օրհնված խաչեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Ժամը 10:00-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը կօրհնի մասնակիցներին, որից հետո նրանք կուղևորվեն Արշակունյաց և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկ:

Ժամը 16:00-ին Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությունը և հավատացյալները, հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ, Գետազատի միջնակարգ դպրոցից խաչերթ կիրականացնեն դեպի Ս. Դավիթ մատուռ:

Ժամը 17։00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցու  հավատացյալները, հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ, Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից խաչի թափորով կքայլեն դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: Եկեղեցում կկատարվի Անդաստան:

Սեպտեմբերի 11-ին` Ժամը 11-ին, Ս. Պատարագ բոլոր եկեղեցիներում:

Ժամը 17.00-ին Ս. Երրորդություն եկեղեցում բակում ժամերգության ավարտին խաչի թափորը կպտտվի եկեղեցու շուրջ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ բակում կկազմակերպվի տոնախմբություն` ազգային երգուպարով:

Մալաթիայի Ս. Աստվածածին  եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանի և խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանի գլխավորությամբ կիրականացնեն տոնին նվիրված խաչերթ: Հավատացյալները շարականների ուղեկցությամբ եկեղեցուց կշարժվեն դեպի Ս. Գրիգոր Նարեկացու արձան, որտեղ քահանան կօրհնի բոլոր մասնակիցներին: Խաչերթի ընթացում շենքերի բնակիչներին և անցորդներին կներկայացնեն տոնի խորհուրդը և աղոթագրքեր կբաժանեն:

Ս. Կաթողիկե եկեղեցու բակից հավատացյալները հոգևոր հովիվ Տ. Ավետիս ավագ քահանա Դանիելյանի գլխավորությամբ թափոր կազմած և շարականների ուղեկցությամբ կքայլեն Տերյան-Աբովյան-Սայաթ Նովա փողոցներով և անցորդներին կպատմեն Ս. Խաչի տոնի մասին:

Սեպտեմբերի 12-ին` Մեռելոց:
Ժամը 10.30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս.Պատարագ: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

Scroll Up