Դեսպան Վարդանյանը մասնակցեց «Վիետնամ – ԵԱՏՄ երկխոսություն զբոսաշրջության զարգացման վերաբերյալ» հանդիպմանը

Սեպտեմբերի 8-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Հոշիմին քաղաքում մասնակցել է 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված «Վիետնամ–ԵԱՏՄ երկխոսություն զբոսաշրջության զարգացման վերաբերյալ» հանդիպմանը:
Իր զեկույցում դեսպան Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի՝ ակտիվ զարգացում ապրող զբոսաշրջության ոլորտը՝ մանրամասն ներկայացնելով Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ քաղաքների օրինակը:
Դեսպանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մինչև 2020թ. զբոսաշրջության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և ներդրումային հնարավորություններին:
ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Վիետնամի և ԵԱՏՄ երկրների հետ սերտ զբոսաշրջային կապերի զարգացումը կհանգեցնի նաև փոխգործակցության խորացմանն այլ ոլորտներում:
Համաժողովի շրջանակներում ստեղծվել է «Վիետնամ-ԵԱՏՄ ֆեդերացիա»-ն, որի գլխավոր նպատակն է անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդմանն ու ընդլայնումը:
Համաժողովի շրջանակներում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց է ունեցել Վիետնամի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Նգույեն Քուոկ Հունգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վիետնամի միջև տուրիզմի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակներում: