Արցախի մարզական թիմը կմասնակցի Թեհրանում անցկացվող 48-րդ համահայկական խաղերին

ԼՂՀ մարզական պատվիրկությունը սեպտեմբերի 13-ից 22-ը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացվող իրանահայերի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) կազմակերպած 48-րդ համահայկական խաղերին:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և հավելել, որ Արցախի թիմն արդեն 8-րդ անգամ է մասնակցելու Թեհրանում անցկացվող համահայկական խաղերին:

«Սեպտեմբերի 12-ին 51 հոգանոց պատվիրակությունով կմեկնենք Թեհրան, որի կազմում կլինեն 5 պատվիրակության անդամ, 7 մարզիչ և 39 մարզիկ: Արցախի մարզիկները ներկայանալու են մի շարք մարզաձևերում, մասնավորապես՝ բասկետբոլի տղաների ու աղջիկների թիմերը (9-ական մարզիկ և 2-ական մարզիչ), սեղանի թենիսի տղաների ու աղջիկների թիմերը (3-ական մարզիկ և 1-ական մարզիչ), շախմատի տղաների ու աղջիկների թիմերը (4 տղա, 2 աղջիկ և 1 մարզիչ), աթլետիկայի տղաների ու աղջիկների թիմը (4 տղա, 5 աղջիկ և 1 մարզիչ): Մարզիկները 14 տարեկանից բարձր են: Բոլորի ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, և մենք պայքարելու ենք միմիայն մրցանակային տեղեր գրավելու համար, որովհետև մեր թիմում կան այնպիսի մասնակիցներ, ովքեր համահայկական խաղերի մրցանակիրներ են, Հայաստանի Հանրապետությունում անցկացված տարբեր մրցաշարերի չեմպիոններ»,- մանրամասնել է Ա. Դանիելյանն, ով կգլխավորի նաև արցախյան մարզական պատվիրակությունը:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը (ՀՄԱԿ) իրանահայ համայնքի ամենամեծ մարզամշակութային կազմակերպություն է։ Կազմակերպությունը ստեղծվել է 1944 թվականին և մասնաճյուղեր է ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, որտեղ եղել է հայ համայնք (Թեհրան, Իսպահան, Թավրիզ, Ուրմիա, Գերդաբադ, Շիրազ, Արաք և Շահին Շահր)։

Scroll Up