Արցախյան ղողանջներ. Հանդիպման վայրում մի սուրբ հուշարձան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/հուշարձան.jpg)
Վերջերս ծանոթացել էի «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության գործունեությանը՝ ի դեմս նրա հիմնադիր տնօրեն Վարդուհի Գասպարյանի, բայց առերես նրան չէի տեսել: Անակնկալը երկար սպասեցնել չտվեց, երբ հանկարծ ինձ ուղղված նրա այս ոգեշունչ տողերը կարդացի. «Մի օր վստահ կրկին կայցելեմ Մարտակերտ` ձեռքիս «Հաղթանակած Մարտակերտը» գիրքս և ի լուր աշխարհի՝ բոլոր դիրքերից կկանչի իմ հաղթանակի երգը, որ դարերից եկող իմ Արցախ աշխարհը միշտ կապրի իր հաղթանակներով, որքան էլ թշնամին կանգուն լինի….»:
Եվ շուտով, պայմանավորվածության համաձայն, մեր հանդիպումը Մարտակերտում կայացավ. Արցախի անկախության օրը նա մեզ մոտ էր: Այդ հանդիպումը Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ էր: Հայացքս փնտրում էր նրան, ում խոհերում հաղթանակած բնակավայրս էր ու մեզանից ոչ հեռու սահմանին կանգնած զինվորը: Շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր Լուսինե Զաքարյանի միջնորդությամբ ես հոծ բազմության մեջ գտնում եմ Հայաստանից եկած այն հայրենասեր հայուհուն:
Բայց ո՞վ կմտածեր, որ ինձ հետ խոսող երիտասարդը, ով ներկայացավ անուն-ազգանունով և որպես այս կայքի իմ հրապարակումների ընթերցող՝ «Հայոց Աղավնիներ» կազմակերպության նախագահ և լրագրող Գագիկ Ավետիսյանն էր, ում համար իրենց կատարածը մի սովորական գործ է, որի նպատակը՝ սահմանամերձ տարածքների բնակչությանը ոգեշնչելն է, որ մենակ չէ… Իսկ այստեղ՝ սահմանամերձ գոտիներում ապրողներս մեծ գործ ենք կատարում, հենց դա է հերոսությունը, որ ամենօրյա՝ հարյուրավոր գնդակների որոտի տակ ենք ապրում: Եվ նրա խոսքը՝ սիրով ողողված, կոչ պիտի դառնա ու նորից հնչի ի լուր աշխարհի. «Մարտակերտցինե՛ր ջան, ձեր ցավը տանեմ. ձեզ շատ եմ սիրում»:
Համեստությունը որտեղի՞ց է գալիս, հայի տեսա՞կն է այդպես, որ տեսա հայաստանյան այս երկու հասարակական կազմակերպությունների նախագահների պահվածքում, թե՞ իրենց արած-թողածի կարևորությունն է նրանց «պարտադրում», որ լինեն այդպիսին: Ինչպես էլ լինեն, նրանք իմ պատկերացումներում կմնան սահմանին մոտ զինվորների հետ ունեցած հանդիպումներում, նահատակների հավերժ հիշատակի հիշողություններով՝ դարձած Արցախի կյանքով ապրող, նաև մեր ցավը տանող ու միշտ մեզ սիրող ազնիվ հոգիներ:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի