ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/nshan.jpg)
Ազնուափա´յլ տիկին Յակոբեան.
Ընդունեցէ´ք, խնդրեմ, մեր շնորհաւորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները՝ ամենքիս կողմից այնքան սպասուած նախարարութեանդ ստեղծման 5-րդ տարեդարձի առթիւ:
Նախարարութեան ստեղծման եւ այն ղեկավարելը Ձեզ յանձնարարելու առիթով մեր ցանկութիւնները անմիջապէս ներկայացրեցինք Կալիֆորնիայի «Նոր Կեանք» շաբաթաթերթի՝ 28 Սեպտեմբերի 2009թ. համարում՝ «Սփիւռքի նախարարութիւն. մեր ակնկալիքներն ու յորդորները» յօդուածով, ինչն աւարտւում էր հետեւեալ յուսալից արտայայտութեամբ, որ՝Նախագահը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում նշանակեց ճիշտ անձին: Ձեր եռանդաշատ գործունէութիւնը մեզ պարտադրում է հիմա էլ հաստատել հինգ տարիներ առաջ գրածս կարծիքը:
Մեծարգո´յ նախարար, խնդրում եմ՝ մեր շնորհաւորանքներն ու լաւագոյն մաղթանքները փոխանցէք նաեւ Ձեր անձնակազմին, որի մեղուաջան աշխատանքը տեսանք 2010-ի համահայկական համաժողովի օրերին (նաեւ դրանից յետոյ պարոն Ստեփան Պետրոսեանին ու տիկին Համբարեանին այլ առիթներով այցելելիս), երբ ամռան տապին, հանգստեան օրերին դարձել էիք մի հաւաքական փեթակ:
Մենք գնահատում ենք Ձեր բոլորի ինքնազօհ աշխատասիրութիւնը: Ընդունում ենք, որ դժուար է տարտեղնուած եւ բազմադէմ սփիւռքի հետ աշխատելը, հետեւաբար համբերում ու յոյսերով համակերպւում ենք՝ Ձեր խնդրառատ հիմնախնդիրների թնճուկի մէջ մեզ յուզող որոշ հարցերի լուծումներին սպասելով:
Մենք մխիթարւում ենք մեզ ներշնչած Ձեր խոստումնալի գործերի սպասումով:
Երբեմն նոյնիսկ Ձեզ քննադատում ենք: Իսկ քննադատելը Ձեզ համար պիտի սպասելի լինի, որովհետեւ Դուք աշխատող էք եւ աշխատում էք միշտ նորովի ու ստեղծագործաբար:
Մենք արժեւորում ենք Ձեր ճկուն աշխատանքը:
Ամենքիս հասկանալի է, որ Ձեր գործունէութիւնը հայրենիքում նպատակաուղղուած է սփիւռքին եւ սփիւռքի հետ աշխատում էք՝ հայրենիքի համար:
Մենք ողջունում ենք այդ հեռատես քաղաքականութիւնը:
Ձեր ձգտումնալի գործողութիւններով փաստեցիք, որ հինգ տարիների ընթացքում Դուք աշխատանքում չէք լճացել եւ շարունակում էք Ձեր ջանքերը բազմապատկել:
Մենք ծափահարում ենք Ձեր ջանասիրութիւնը:
Մենք գիտենք, որ Ձեր արածը այն է, ինչը միայն հնարաւոր է եղել Ձեզ տրուած կարողութեան սահմաններում, իսկ չարածը այն է, ինչը վեր է եղել Ձեր կարողութեան՝ Ձեզ տրուած սահմաններից:
Մենք հասկանում եւ ընդունում ենք Ձեր գործելակերպի այդ իմաստութիւնը, որով Դուք կարողացել էք գործել՝ այդ կարողութիւնների իրագործման համար տրուածի եւ չտրուածի սահմաններում:
Յարգելի´ տիկին Հրանոյշ Յակոբեան, այս յոբելեանական օրերին Ձեզ, Ձեր աշխատանքային ընկերներին եւ բոլոր նրանց, ում հետ առնչուել էք Ձեր հարցերը լուծելիս, մաղթում ենք անձնական առողջութիւն եւ աշխատանքային կորով: Թող Ձեր հնգամեակին նոր զերօներ աւելանան:
Նշան Որբերեան
(«Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութիւն)
(ԱՄՆ)