ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂ «Սփյուռքի նախարարության ստեղծումը Սփյուռքին կարևորություն տալու կարևոր քայլերից մեկն է»

Վերջերս Երևանում էր Բոխումի համալսարանի դասախոս, Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղը:

Ճանաչված պրոֆեսորի այցը համընկավ ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակին նվիրված միջոցառումների հետ:

Ու այս անգամ «Հայերն այսօրի» թղթակցի զրույցը Միհրան Դաբաղի հետ ծավալվեց ոչ թե Ցեղասպանության, գիտական աշխատությունների շուրջ, այլ անդրադարձ կատարվեց Սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեությանը:

Պարո՛ն Դաբաղ, տեղյակ եմ, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ վաղուց եք ծանոթ: Ինչպե՞ս է կայացել Ձեր ծանոթությունը:

– Իմ անձնական ծանոթությունը տիկին Հրանուշ Հակոբյանի հետ սկսվում է 1991 թվականից: Անկախացման օրերն էին, ընտրությունների ժամանակ նա դիտորդական խմբի ղեկավարն էր, իսկ ես այդ խմբի անդամ էի:

Մեր հանդիպման հենց առաջին օրից ես նրան մեծ հիացումով դիտեցի, գնահատեցի նրա կազմակերպչական կարողությունները: Հասկացա, որ գործ ունեմ բոլորից տարբերվող անձնավորության հետ:

Եվ մեր բարեկամությունը, որը ճիշտ Հայաստանի անկախության տարիքն ունի, շարունակվում է առ այսօր: Մեր հարաբերությունները միշտ բարյացակամ և սերտ են մնացել և կմնան:

Այս տարիների ընթացքում ես միշտ հետևել եմ իր աշխատանքներին: Չեմ կարծում, որ մեծ սատարում եմ ունեցել այդ աշխատանքներին, բայց միշտ մեծ ուրախությամբ ու գնահատանքով եմ վերաբերվել:

Հույս ունեմ՝ հետզհետև այդ բարեկամությունը պիտի սկսի տարբեր ձևով զարգանալ, այն իմաստով, որ մենք, թերևս, պիտի կարողանանք միասնաբար որոշ ծրագրեր իրագործել:

Համատեղ ձեռնարկներ կան (Սփյուռքի տարբեր խնդիրներին առնչվող կոնցեպցիոնալ ծրագրեր), որոնց շուրջ խորհում ենք:

Իմ ամենամեծ փափագն է, որ Սփյուռքի, Սփյուռքի տեսության հետ կապված աշխատանքներին իմ մտածողությամբ կարողանամ մասնակից դառնալ:

– Երբ իմացաք, որ Սփյուռքի նախարարություն է ստեղծվել, ինչպիսի՞ն եղավ Ձեր արձագանքը:

– Սփյուռքի նախարարության ստեղծումը կարևոր քայլերից մեկն է, որն իրագործեց Հայաստանի այն ժամանակվա և ներկա նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ իս՝ Սփյուռքի նախարարությունը մեր իրականության համար ամենակարևոր իրադարձություններից մեկն է, որովհետև Սփյուռքը ոչ միայն մեր պատմությանն է պատկանում, այլև մեր ներկա իրականությանը: Արտոնեք ինձի ասել, որ Հայկական կոնցեպտը, Հայկական իրականությունը միշտ պետք է տեսնել իբրև Սփյուռքի և հայրենի հողի վրա ապրող հայության օրգանիկ կապ: Եվ այդ ճանապարհին Սփյուռքի նախարարության ստեղծումը կարևոր քայլ էր, որն ինձ շատ ուրախացրեց, մանավանդ որ նախկինում Սփյուռքի հետ կապված հարցերի պատասխանատվությունը Արտաքին գործերի նախարարության մեջ էր տեղավորված, ինչն ինձ շատ էր զարմացնում, որովհետև Սփյուռքը արտաքին հարաբերությունների ծիրի մեջ տեսնելը կոնցեպցիոնալ սխալ մը կը համարեի:

Սփյուռքն իրականում պետք է դիտել ոչ թե արտաքին հարաբերություն, արտերկիր, այլ իբրև մեր ներքին հարաբերությունների շարունակություն:

Օրինակ՝ Գերմանիայում ժամանակին կար օտար երկրներում ապրող գերմանացիների պատասխանատու մարմին, և այն ոչ թե Արտաքին գործերի նախարարության մեջ էր, այլ Ներքին գործերի:

Հետևաբար, որոշումը՝ ստեղծել Սփյուռքի նախարարություն, կարևոր, իմաստալից, հարցը ճիշտ ըմբռնելու և Սփյուռքին կարևորություն տալու կարևոր քայլերից մեկն է:

– Ըստ Ձեզ` ո՞րն է Սփյուռքի նախարարության նշանակությունը, առաքելությունը:

– Սփյուռքի նախարարությունը ոմանք կարող են դիտել իբրև հայկական պատմության սիմվոլիկ մեկ երևույթ:

Բայց Սփյուռքի նախարարությունն ինձ համար այդ սիմվոլիկ երևույթը չէ:

Նախարարությունը մեզ համար ոչ թե պատմական, սիմվոլիկ նշանակություն, այլ սոցիալական, քաղաքական կարևորություն ունի: Որովհետև գլոբալ այս աշխարհում, այս սփռվածության մեջ Սփյուռքի նախարարությունն այն վայրն է, որը ցրվածության մեջ ստեղծում է Սփյուռքի բոլոր գաղթօջախների հետ հաղորդակցական ցանց, որը նաև պետք է դառնա փոխհարաբերությունների կոորդինացման վայրը:

Ինչպես նաև Սփյուռքի նախարարությունը կարելի է դարձնում դեպի դուրս Հայաստանի Հանրապետության բացվածությունը:

Նախարարության ստեղծումը կարևոր է նաև քաղաքական գետնի վրա, որովհետև քղաքականությունը միշտ կապ ունի գիտության, գիտելիքի հետ:

Գիտությունը, գիտելիքը քաղաքականության ամենակարևոր ռեսուրսն է: Եվ այդ ռեսուրսի կազմավորումն ու այդ ռեսուրսից օգտվելու կարելիությունը կկարողանա ստեղծել Սփյուռքի նախարարությունը:

Սփյուռքը՝ իբրև քաղաքական տարբեր վայրերու գիտելիքների կրող, կարող է առիթ դառնալ, որ մեր հանրապետությունը իրազեկ դառնա քաղաքական այդ գիտությանը և տիրապետի քաղաքական նոր բառամթերքին, ինչը կօգնի ավելի հաջող քաղաքական ուղիներ գծել:

Նման ռեսուրսի, գիտության, կարելիությունների փոխանցումը դեպի այնպիսի հանրապետություն, ինչպիսին մեր Հայաստանն է, ըստ իս, կարևոր պարտականություն է:

Այդ պատճառով է, որ ինձ համար Սփյուռքի նախարարությունը մի նյութի, ոլորտի, ուղղության նախարարություն չէ, ինչպես մյուս նախարարությունները, օրինակ՝ Մշակույթի, Ֆինանսների, Առողջապահության և այլք:

Սփյուռքի նախարարությունը շատ ոլորտներ է ընդգրկում: Ինչպես ասացի՝ պատմական, սոցիալ- քաղաքական իմաստ ունեցող, և այդ ամենն իր մեջ ընդգրկող կառույց է, և շատ կարևոր դեր մը ունի թե´ Հայաստանի, թե´ Սփյուռքի իրականության մեջ: Նաև ստանձնում է արտաքին հարաբերությունների հետ կապված շատ պարտականություններ, որոնք իրարու հետ փոխկապակցված են:

Այդ ամենը կարևոր դեր կը խաղա ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության համար, ու բացի տնտեսական զարգացման նախագծերի ստեղծումից, քաղաքական կոնցեպցիոնալ զարգացման ճանապարհին մեծ սատար կը դառնա:

Պարո՛ն Դաբաղ, դուք շատ հստակ, հիմնավորված փաստեցիք Սփյուռքի նախարարության ստեղծման կարևորությունը: Ցավոք, կան թերահավատներ, ովքեր պնդում են, որ Սփյուռքի նախարարությունը ստանձնել է արդեն գոյութուն ունեցող որոշ նախարարությունների պարտականությունը:

– Եթե որևէ մեկ անձ նման հարցադրում  է անում, նշանակում է՝ նա տակավին չի ըմբռնում Սփյուռքը, Սփյուռքն իբրև արժեք, այլ փորձում է Սփյուռքը տեսնել իբրև տնտեսական փոխհարաբերությունների, օգնության, մշակութային որոշ ձեռնարկների կառույց: Մինչդեռ Սփյուռքը ինքնահատուկ, ընկերային ձև մըն է, ինքնահաստատված, ու եթե մենք այդ ամենը չըմբռնենք, այլ ընբռնենք միայն որպես Հայաստանին կից, Հայաստանին օգնող կամ որոշ  հարաբերությունների համար կարևոր երևույթ մը, այդ ատեն, իմ կարծիքով, այն անձերը, ովքեր նման մոտեցում ունեն, Սփյուռքի կամ Հայաստանի հանդեպ ճիշտ, անկեղծ և պատասխանատու մոտեցում չունեն:

Այդ իմաստով Սփյուռքի նախարարությունն ինձ համար շատ կարևոր նախարարություն է, որովհետև Հայաստանի մեջ մեր պատմական և ներկա իրականության ամենակարևոր երևույթներից մեկի պատասխանատվությունը կը ստանձնե,  կը զարգացնե և կը հաստատե այդ փոխհարաբերությունը:

– Դուք նախարարության տարբեր ծրագրերին եք մասնակցել: Ձեռքբերումները որո՞նք են:

– Նախարարությունն այսօր հինգ տարեկան է: Այս տարիների ընթացքում ամենից կարևորն այն է, որ Սփյուռքը Հայաստանի մեջ զգալի երևույթ, ներկայություն դարձավ:

Սփյուռքը այն տեղը չուներ, ինչ որ ուներ ժամանակին, թեև Սփյուռքի մասին կը խոսվեր, բայց շատ հաճախ պղտոր կարծիքներ կար:

Սփյուռքը Սփյուռքի նախարարությամբ ավելի լուրջ կշիռ ձեռք բերեց, ավելի կապվեց հայրենիքին և իր տեղը գտավ Հայաստանի մեջ:

Այս իմաստով նաև պետք է նշեմ, որ նախարարության շատ ծրագրեր Սփյուռքի մեջ Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում՝ Սփյուռքի նկատմամբ գիտակցություն արթնացրին: Ես այդքան էլ շատ ծրագրերի չեմ մասնակցել, բայց չնայած այդ ամենին՝ կարող եմ փաստել, որ նախարարության կազմակերպած հավաքները միայն սիմվոլիկ նշանակություն չունեն: Փոխհարաբերությունների, հաղորդակցության ստեղծումը կարևոր են նաև հոգեբանական տեսանկյունից:

Սփյուռքի նախարարության մյուս գործունեությունները, սոցիալ և մշակութային գետնի վրա տարված աշխատանքները, որոնք ուղղված են երիտասարդությանը, հայոց լեզվի զարգացմանը, մեծ նպաստ սկսած են բերել:

Հիմա՝ հինգ տարի հետո, թերևս պետք է ուղենշել ավելի տարբեր շրջան: Պետք է փորձենք  Սփյուռքի վերակազմման աշխատանքների կոցեպցիոնալ մոտեցմամբ նոր կոնցեպտներ ստեղծել, թերևս նոր զարթոնքի հիմք դնելու աշխատություններ իրականացնել:

Այս ծրագրերի կազմավորումը և փոխանցման ստանձնումը կը նշանակե Սփյուռքի նախարարությանը տալ մասնավոր տեղ մը մեր նախարարությունների շրջանակում:

– Զրուցի վերջում ի՞նչ կմաղթեք Սփյուռքի նախարարությանը:

– Նախ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ուզում եմ երկար կյանք մաղթել և տակավին երկար տարիներ՝ իբրև նախարար:

Որովհետև կը կարծեմ, որ մեզ համար բախտավորություն է, որ նման նախարար ունենք այս երկրի մեջ, որի ուժն ու կարողությունը կարծես անհուն է ու երբեք սահման չունի:

Անձնավորություն, ով աշխատանքի հանդեպ տածած մեծ սիրո ու իր մտային կարողությունների շնորհիվ մեծ սատարում է անում այս կարևոր գործին:

Կարծում եմ՝  մենք մեծ բախտավորություն ունենք, որ նման նախարար ունենք, ով իր շատ մը տարբեր հատկություներով և իր անկեղծությամբ մեր բոլորի վստահությունն է շահել:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա, ինչպես և վերևում նշեցի, ինձ համար շատ մը կարևոր կետեր, ուղղություններ (սիմվոլիկ, սոցիալ, մշակութային և քաղաքական) ընդգրկող նախարարություն է:

Եվ այդ է պատճառը, որ շատ կարևոր դեր մը ունի թե´ Հայաստանի, թե´ Սփյուռքի իրականության մեջ:

Իսկ համատեղ ծրագրերով, ջանքերով ու Սփյուռքի ներուժի համախմբման միջոցով պետք է հաջողենք, որ Սփյուռքի նախարարությունը դառնա տարաբնույթ շաղկապումներու վայր, և որպես հետևանք՝ ստեղծի սոցիալական, հաղորդակցական հզոր ցանց: Եվ այս ամենը յուրաքանչյուրիս պարտականությունն ու մտահոգությունը պետք է լինի:

Հարցազրույցը՝  Լուսինե  Աբրահամյանի

Scroll Up