Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հրաչյա Թամրազյանի սգակիր ընտանիքին

Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Թամրազյանների սգակիր ընտանիքին՝ Ս․ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում ասվում է․ «Ցավով տեղեկացանք բազմավաստակ մտավորական, Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Տիար Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան մասին:

Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և պաշտոնեության՝ բերում ենք Մեր ցավակցությունն ու սրտակցությունը հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և Մատենադարանի տնօրինությանն ու աշխատակիցներին:

Գրական և ստեղծագործական բեղմնավոր կյանք ապրեց հոգելույս Հրաչյա Թամրազյանը՝ աստվածապարգև իր շնորհներով հարստացնելով հայ գրականության ու մշակույթի գանձարանը: Նրա հեղինակած մեկ տասնյակից ավելի բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանությունները, հայագիտական ուսումնասիրությունները, հատկապես նարեկացիագիտությանը նվիրված մենագրությունները, և գրականագիտական բազմաթիվ հոդվածները խոսուն վկայություններն են անվանի մտավորականի և շնորհալի հայորդու արդյունավոր վաստակի: Լուսահոգի գիտնականը երկար տարիներ աշխատեց ու ստեղծագործեց Մատենադարանի նվիրական հարկի ներքո և շուրջ մեկ տասնամյակ ամենայն նախանձախնդրությամբ ու սիրով ղեկավարեց հայ մտքի հոգևոր կաճառի գործունեությունը:

Վաստակաշատ մշակութային գործչի վախճանը կորուստ է հայագիտության համար: Հրաչյա Թամրազյանը պիտի շարունակի ապրել սերունդների հիշողության մեջ՝ նշանակալի իր ավանդով ու գնահատելի ներդրումներով:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Ամենողորմ Տերը արարչական սիրով գթա հանգուցյալ Իր ծառային և երկնային երանական օթևաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի բարեհիշատակ Հրաչյա Թամրազյանի հոգին․․․

«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան իւրոյ. Ամէն»։

Scroll Up