Ամփոփվեցին ԱՐՓԱ հիմնարկի «Նորարարություն-2013» մրցույթի արդյունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/InvAwardsDias101813-300x225.jpg)
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Պալյանների դահլիճում տեղի ունեցավ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի «Արփա» ինստիտուտի (տնօրեն՝ Հակոբ Փանոսյան) «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիսությունը:
Այս տարի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 8 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, ՀՊԱՀ-ից և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայից:
Իր խոսքում «Արփա» ինստիտուտի տնօրենը, որ նաև մրցանակաբաշխության պաատսխանատուն ու կազմակերպիչն է, ցավով նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հայտեր ներկայացնողների թիվը պակասել է, և միաժամանակ մատնանշեց հիմնական այն պահանջները, որոնք ընկած են մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի գնահատման հիմքում: Դրանք են՝
- առանցքային չափորոշիչը՝ ուսանողական-հետազոտական աշխատանքում – նոր գաղափարի վերածումը կոնկրետ նախագծի,
- հեղինակի կողմից աշխատանքի մոդելավորումը,
- աշխարհում գործող նմանօրինակ գյուտերի հետ բաղդատումը,
- ներկայացված աշխատանքի՝ «նորամուծություն» հաստատումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Գնահատելով երիտասարդական գիտահետազոտական հնարավորությունները խրախուսելուն նվիրված «Արփա» ինստիտուտի ամենամյա ազգանվեր այս ձեռնարկի կարևորությունը, շնորհավորելով կազմակերպիչներին, մասնակիցներին և հաղթողներին՝ ՀՀ սփյուռքի փոխնախարարը հույս հայտնեց, որ «այսօրվա երիտասարդ հետազոտողները, գյուտարարները կարող են ապագայում մեծ դեր խաղալ Հայաստանի գիտության, տնտեսության զարգացման գործում, ապահովել գիտություն-արտադրություն կապը և նոր խոսք ասել, ինչու չէ, համաշխարհային գիտության մեջ»:
Պարոն Սրապիոնյանը «Նորարարություն» մրցանակաբաշխությունը համարեց Հայրենիք-Սփյուռք կապերի դրսևորում, կարևորեց Սփյուռքի նախարարության հետ ծրագրի զարգացումը:
Իր խոսքում ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ընդգծեց, որ նորարարության մեջ «գիտելիքահեն երիտասարդությանը արդյունքների հասնելու համար շատ ավելի կարևոր են նորարարություն, գյուտարարություն անելը սովորեցնելը, մեթոդներին, տեխնոլոգիաներին, համաշխարհային գիտական, գյուտարարական մտքի նվաճումներին հաղորդակից դարձնելը, որոշակի գիտելիքների ու հմտությունների ուսուցման ծրագրի իրականացումը: Պարոն Մարկոսյանն առաջարկեց «Արփա» ինստիտուտի ղեկավարությանը այս բնագավառում համագործակցել:
Հայտարարվեցին մրցույթի արդյունքները. բոլոր մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, մրցանակային հանձնախումբը 1-ին տեղ որոշել էր չտալ ոչ մեկին, 2-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած ուսանողներն ու նրանց գիտական ղեկավարներն ստացան նաև դրամական պարգևներ՝ 400-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար գումարի չափով:
Ս. Համբարյան