Դեսպան Մկրտչյանը Սեզար եպիսկոպոս Եսայանին փոխանցեց Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը

Օգոստոսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը և Գերապայծառ Եսայանին մաղթեց բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում:
Դեսպան Մկրտչյանը նաև անդրադարձավ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության և զորակցության կարևոր դրսեւորում էր:
Իր հերթին Գերապայծառ Հայրը շնորհակալություն հայտնեց դեսպանի այցելության, շնորհավորանքների և մաղթանքների համար` գնահատելով ցուցաբերված ուշադրությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրներին: