Արցախյան ղողանջներ. Գլխահակ կանգնած էր նա՝ ծաղիկները ձեռքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/Արցախ10.jpg)
Դպրոցականների ամառային արձակուրդի օրեր են, և հանկարծ գեղեցիկ անակնկալ… Իմ սանիկի՝ 7-րդ դասարան փոխադրված Գևորգ Պետրոսյանի մայրիկն է հայտնում, որ երկու շաբաթով, որպես զոհված ազատամարտիկի որդի, նրան ուղարկում են Հունաստան՝ հանգստանալու: Նա ամաչկոտ է, շատ համեստ, թախծոտ հայացքով, և ես առանձնահատուկ ակնածանք ունեմ նրա հանդեպ: Իմացա, որ օրեր առաջ եղբոր, քրոջ ու մայրիկի հետ Արցախից գնացել էր Հայաստան՝ Եռաբլուրում այցելելու իր հայրիկի շիրմին…
Մտովի զրուցում եմ նրա հետ, անցյալի հուշերի մեջ եմ: Նայում եմ լուսանկարին, տխրում է հոգիս, կծկվում եմ, մի բուռ դառնում, և հիշողություններն ինձ տանում են իմ դասղեկական դասարանը, երբ ամիսներ առաջ Գևորգի զոհված հայրիկի՝ Դավիթ Պետրոսյանի անունով անկյուն էինք ձևավորել:
Այդ օրը մտա դասարան, տեսա, որ այնտեղ՝ ծաղկամանում, ծաղիկներ կային դրված հերոսի հիշատակին: Ասացին, որ Գևորգը և դասարանի մյուս աշակերտներն էին ծաղիկներ բերել: Դասն արդեն սկսված էր, հանկարծ թախծադեմ հայացքով սանիկս վեր կացավ տեղից և խնդրեց` մի քանի րոպեով դուրս գալ դասարանից: Քիչ անց դասարանի դուռը բացվեց, խոսքս կիսատ մնաց, մեր հայացքներն ուղղվեցին դեպի նա: Գլխահակ կանգնած էր` մեխակները ձեռքին. հայրիկի համար ծաղիկներ էր բերել: Հազիվ զսպեցի ինձ, ուզում էի գրկել, հանկարծ նա ինձ մեկնեց մեխակները` սև ժապավենով կապված. մոտակա ծաղկանոցից էր գնել:
Հուզմունքից խեղդվում էի, քար լռություն էր տիրում, հազիվ զսպելով արցունքներս, որ աշակերտները չնկատեն, իմ ձեռքերով ծաղիկները խնամքով դրեցի ծաղկամանում: Միայն ծաղիկները տեսան, որ արցունքի մի քանի կաթիլներ ընկան իրենց թերթիկների վրա: Դուրս եկա դասարանից` նահատակներին ուղղված աղոթք-մրմունջերի արձագանքը հոգումս:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի