26 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

26 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Ըստ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշման՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- հայտարարվում է հռչակագրում:
Փաստաթուղթը բաղկացած է 12 կետերից: Փաստաթուղթը Գերագույն խորհրդի նիստում ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:
Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որի արդյունքներով Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց անկախությանը:
Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը: