Վստահ եմ՝ մի օր կգամ ու կապրեմ Հայաստանում. Վահագն Գարագաշյան

Շատերին հայտնի և ծանոթ «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանի նախահայրերը Միջերկրական ծովի ափերից են: Կիլիկիա և Մուսա լեռ հայկական բնակավայրերում ապրած, 1915 թվականի Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտի ընթացքում մարտնչած և հաղթանակած Գարագաշյանները 30-ական թվականների վերջերին հաստատվել են Լիբանանում, հիմնել են Այնճար բնակավայրը, որտեղ էլ ծնվել է Վահագնը: Վերջինիս վրա մեծ ազդեցություն են թողել պապի և տատի պատմությունները: Բացի այդ, նա ներշնչվել է հատկապես Մուսա լեռան պարեղանակներից ՝ դհոլի ու զուռնայի հնչողություններից:
«Այդ պարեղանակներն ինձ համար բանաստեղծություններ են»,- ասում է հեղինակը:
Եղել է «Հայրենիք» թերթի խմբագիրը (Բոսթոն), այժմ «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիրն է: Լինելով այս թերթերի խմբագիր՝ միակ ու կարևոր նպատակն է համարում հայապահպանումը՝ լեզվի, մշակույթի, հայեցի դաստիարակությունը:
«Հայ համայնքը ձուլվում է հաճախ. սա շատ վտանգավոր է մեր երկրի համար»:
Այս օրերին խմբագրի՝ Հայաստան գալու միակ նպատակն է սփյուռքին ավելի շատ, պարզ ու «ներսից» տեղեկություններ հաղորդել՝ Արցախյան քառօրյա պատերազմի մասին, որն այս տարի ապրիլին տեղի ունեցավ…
«Մենք միշտ պատերազմի մեջ ենք՝ որպես ազգ, որպես պետություն և պետք է հասկանանք, թե ինչ նոր մարտահրավերի դեմ ենք կանգնած այսօր»:
Քչերը, սակայն, գիտեն, որ Վահագն Գարագաշյանը նաև բանաստեղծ է և գիրք ունի հրատարակած, որում ներկայացնում է գաղթական մարդու ինքնության խնդիրները: Հարցեր, որոնք հաճախ ինքն իրեն տալիս է հեղինակը և փորձում գտնել պատասխաններ:
«Բանաստեղծություն գրելն ինձ համար ազգային կերտվածքի և անհատականության արտահայտման միջոց է: Մարդկային մարմինը, մտածողությունն ինքնին տիեզերք է: Զգացողություններդ փոխանցել հնարավորինս գեղեցիկ և դա հաղորդվի ընթերցողին. սա է գրելու իմ գաղտնիքը»:
Գիրքը բաղկացած է 5 մասից, որոնցում հեղինակն անդրադառնում է հայրենիքին, սիրուն, ծննդավայրին, հավատքին և ինքնությանը: Բոլոր մասերում կարմիր թելի պես անցնում է հսկայական ու ծանրակշիռ կարոտը, որը հանգիստ չի տալիս հեղինակին:
«Սփյուռքահայերի մոտ միշտ կա ինքնության խնդիր: Ես հայ եմ: Ներքին ապրումներով հայ եմ, արմատներս շատ լավ գիտեմ՝ հայի են, բայց իբրև մարդ, անհատ, երբ 4 այլ երկրի քաղաքացի ես ու 26 բնակարան ես փոխել՝ առաջանում է ներքին մի հարց՝ ո՞վ եմ ես՝ իբրև մարդ, ոչ թե իբրև հայ, այլ իբրև մարդ. այս զգացողություններն ու այս հարցն են գրքում: Ինքնությունը փնտրող, ինքնությունը չգտնող, ինքնության փնտրտուքի մեջ տառապող անհատի զգացողություններն են…»:
Արդյոք կա՞ ապագայի պլաններում Հայաստան տեղափոխվել, մշտական բնակություն հաստատել, թողնելով լրագրությունն ու սկսել պարզապես ստեղծագործել՝ որպես գրող: Վահագնի պատասխանն այսպիսին է.
«Վստահ եմ՝ մի օր կգամ ու կապրեմ Հայաստանում: Հայրենիքս այստեղ է, հայրենիքս Արցախն է… իսկ լրագրությունը թողնելու և ստեղծագործելու մասին կասեմ, որ իմ երազանքն է՝ ունենամ հնարավորություն՝ իմ ամբողջ ժամանակը գրելուն նվիրելուն…»:
Որպես գրող՝ առաջնային խնդիրը, որի վրա շեշտ է դնում Վահագնը:
«Գրքերը պատգամներ են, որ գրողները փոխանցում են ընթերցողներին: Յուրաքանչյուր գրող պետք է իր զգացողությունները փոխանցի իր ստեղծագործությունների միջոցով: Իմ պարագայում պատգամը, որ ուզում եմ փոխանցել ընթերցողիս, ինքնության փնտրտուքի հարցն է: Ինքնությունը՝ որպես ազգություն, որպես հայ: Մյուս կողմից՝ իբրև մարդ արարած՝ որտեղից ենք գալիս, ուր ենք գնում և ինչ պետք է անենք:
Քրիստոնեության հիմնական պատգամն այն է, որ հարգենք, սիրենք, օգնենք իրար և մենք իբրև գրողներ՝ պետք է ունենանք հետևյալ փիլիսոփայությունը, որը պետք է փոխանցենք մարդկանց՝ մեր ստեղծագործությունների միջոցով»:
Ապագայի պլանների մասին…
«Կան բանաստեղծություններ, որոնք հրապարակված չեն… Հիմա աշխատում եմ գրական դիտարկումներով վեպի վրա, որը վերաբերում է մարդկային հավատքին, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Մարդ անհատի խորքային այս հարցերը, մոլորակի վրա ապրելու նպատակները»:
Իբրև վերջ…
Վահագն Գարագաշյանի «Երկնքի և երկրի արարողութիւները» բանաստեղծությունների ժողովածուի մեջ յուրաքանչյուր մաս մյուսից առանձնացված է նկարիչ, քանդակագործ Կարեն Պետրոսյանի նկարներով, որոնք վերջինս նկարել է հատուկ այս գրքի համար:
Զրուցեց՝ Լիա Թահմազյանը
Աղբյուրը՝ lurer.com