Ամերիկահայերը շարունակում են դատական կարգով պահանջել Ինջիրլիքի ռազմաբազայի իրենց հողակտորները

ԱՄՆ քաղաքացիներ Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահդեսյանը շարունակում են դատական կարգով հետ պահանջել 1915-1923թթ թուրքական պետության կողմից բռնագրավված իրենց հարազատներին պատկանած հողակտորները, որոնց մի մասի վրա կառուցված է ՆԱՏՕ-ի կողմից շահագործվող Ինջիրլիքի ավիաբազան:

Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակoս» հայկական թերթի կայքի` օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել «Բակալյանը և Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ), ԹՀ կենտրոնական բանկի և Զիրաաթ բանկի» գործով դատական նիստը, գրում է ermenihaber.am-ը:

Կայքը հիշեցրել է, որ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ հանդիսացող Բակալյանը,  Հարությունյանը և Մահդեսյանը դեռևս 2013-ին դիմել էին Կալիֆորնիայի տարածքային դատարան պահանջելով կազմակերպել Ադանայի Ինջիրլիք շրջանում գտնվող և ԱՄՆ-ի կողմից նույնպես շահագործվող համանուն ավիաբազայի տարածքում և դրանից դուրս գտնվող մոտ 500 դյոնում հողատարածքը, որն ապօրինաբար խլվել է թուրքական պետության կողմից:

Պատասխանող կողմ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության կենտրոնական և Ziraat բանկերի փաստաբանները, վկայակոչելով ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքը, դատարանից պահանջել էին չեղյալ հայտարարել հայցը: Այն ժամանակ դատարանը հայցը մերժել էր` պատճառաբանելով, որ այդ հարցը քաղաքական բնույթ ունի, քանի որ կապված է ցեղասպանության հետ և դուրս է իր իրավասությունների շրջանակից: Դատարանի հայտարարության մեջ նշվել էր նաև, որ այդ հարցը պետք է քննարկվի ժողովրդի կողմից ընտրված գործիչների կողմից:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ամերիկյան վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ հայերի որոշում կայացնելու դեպքում 13 ամերիկաբնակ հայեր դատական կարգով կպահանջեն իրենց նախնիներին պատկանած հողակտորները, որոնք նույնպես գտնվում են ներկայիս ավիաբազայի տարածքում:

Նշվում է նաև, որ  եթե դատարանի կողմից հրապարակվելիք որոշման մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հղում լինի, ապա դա կարող է ազդել նաև ցեղասպանության հարցում Վաշինգթոնի վարած քաղաքականության վրա:

Scroll Up