Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք ըմբիշին եւ նույնպես դուրս եկավ եզրափակիչ

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում: 24-ամյա Արթուրը շատ ակտիվ սկսեց գոտեմարտը եւս սկզբնամասում վաստակեց մեկ միավոր: Առաջին մրցափուլի վերջնամասում թուրք ըմբիշին պասիվության համար ծնկած դիրք նստեցրին, ինչը ճակատագրական եղավ նրա համար: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս 8 միավոր եւ տարավ վստահ հաղթանակ:

Հիշեցնենք, որ նախորդ 2 գոտեմարտերում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին ու 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի կուբացի Դանիել Կաբրերան, որը քառորդ եզրափակիչում հաղթել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ է գտնվել շվեդ Շտեֆան Շչոենից:

Scroll Up