Հադրութում մեծ շուքով նշվել է քաղաքի վերածննդի 24-րդ տարեդարձը. լուսանկարներ

Այսօր ԼՂՀ Հադրութում մեծ շուքով նշվում է քաղաքի վերածննդի և ՊԲ N պաշտպանական շրջանի հիմնադրման 24-րդ տարեդարձերը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի շրջանի «Դիզակ» թերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը՝ ավելացնելով, որ տոնական միջոցառումները մեկնարկել են դեռ երեկվանից՝ Հադրութի Ազատության հրապարակում ազգագրական պարերի բաց դասով:
Այսօր տոնական միջոցառումները մեկնարկել են Հադրութի քաղաքային հուշահամալիրում, որտեղ շրջվարչակազմի ղեկավարը, աշխատակազմի պատասխանատուները, զինվորականներն ու քաղաքացիները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել:
Այնուհետև շրջկենտրոնի Ազատության հրապարակում կայացել է քաղաքի և պաշտպանական շրջանի տարեդարձերին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառման բացման խոսքում՝ Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանը շնորհավորելով տոնի առթիվ, ներկայացրել է Հադրութի զորամասի անցած մարտական պատվավոր ուղին և Արցախյան գոյամարտի ժամանակ հադրութեցիների սխրագործությունները:Հադրութ քաղաքը գոյամարտի օրերին շատ արհավիրքների է ականատես եղել, սակայն 1992թ. օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ:
Հաջողությամբ դիմագրավելով մեծաթիվ հակառակորդին տեղի ինքնապաշտպանական ջոկատները փայլուն հաղթանակ տարան: Այնուհետև ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին և մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց առաջին պաշտպանական շրջանը: Հենց օգոստոսի 15-ն էլ որոշվեց նշել Հադրութ քաղաքի վերածննդի և պաշտպանական շրջանի ստեղծման օր: Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:
Այնուհետև տեղի են ունեցել զորամասի հրամանատարի կողմից պարգևատրումներ, զինվորական հանդիսավոր քայլերթ, հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքներ:
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր տեսուչ Երազիկ Պետրոսյանի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումների շրջանակներում անցկացվել է ցուցահանդես – վաճառք, որտեղ ներկայացվել են Տողի և Հադրութի արվեստի դպրոցի, Մանկական ստեղծագործական կենտրոնի սաների և զինվորների աշխատանքները:
Բացի այդ` երեկոյան Հադրութում կկայանա նաև համերգային ծրագիր՝ Արցախի մշակութային համույթների ներկայացմամբ: