Թուրքիայում Քրիստոնեաներին Ինչո՞ւ Սպաննեցին. Քահանայ Սանթորօ, Հրանդ Տինք, Մալաթիոյ Միսիոնարներ

2007 թ. ապրիլի 18-ին 5 երիտասարդներ գազանաբար սպաննեցին «Զիրվէ» հրատարակչութիւնում աշխատող 3 հոգու:

2006 թ. Տրապիզոնում քահանայ Սանթորոյի, 2007 թ. Պոլսում Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ 2000-ական թթ. ոչ մուսուլմանների նկատմամբ գիտակցուած եւ համակարգուած ատելութեան վերջին զոհերը Մալաթիոյ միսիոնարներն էին:

Թէեւ «Վանդակում գտնուող Թուրքիան» գրքում առանցքային է համարւում Մալաթիոյ ոճրագործութիւնը, սակայն գիրքն աւելի լայն խնդիրների է անդրադառնում` Յատուկ պատերազմական վարչութիւն, Ազգային անվտանգութեան խորհուրդ, երկիրը գրաւած «միսիոնարական ջղագարութեան» ետնագիծ, միանգամից ի յայտ եկած «Քուվվաճի»  միութիւններ, Էրկենեքոն եւ ոչ մուսուլմանների դէմ արշաւի յետեւում կանգնած կապեր, գաղտնալսումներ, հետապնդումներ, Թուրքիոյ ուղղափառ պատրիարքարան, հրամանատարներ, կեղծ փաստաթղթեր, ոստիկանութեան հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի կազմակերպութիւն, Թուրքիոյ ազգային ռազմավարութիւն եւ գործողութիւնների վարչութեան նախագահ, «Վանդակ» գործողութեան ծրագիր եւ այլն:

Դատավարութեան փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրած  Սիպել Հիւրթաշը, համադրելով Մալաթիոյ ոճրագործութեան յետեւում եղած կապերը, գալիս է այն եզրայանգման, որ 5 երիտասարդները լոկ մետալի երեւացող կողմն են, ոչ մուսուլմանների դէմ արշաւը բռնում է սպանութիւնների եւ Մալաթիոյ ոճրագործութեան ուղին: «Վանդակում գտնուող Թուրքիան» աշխատութիւնը խորքային պետութեան մութ կողմերից մէկի յստակ պատկերն է…

Իրօք, ինչո՞ւ են սպաննուել

Սիպել Հիւրթաշը իր «Վանդակում գտնուող Թուրքիան. ինչո՞ւ սպաննեցին քրիստոնեաներին» աշխատութեամբ սկսում է Հրանդ Տինքի սպանութեան հետ միաժամանակ սկսուած ոչ մուսուլմանների սպանութեան վերաբերեալ քննարկումները: Էրկենեքոնի, «Վանդակ» եւ «Լախտ» գործողութիւնների դատավարութիւնների ժամանակ ոչ մուսուլմանների սպանութիւնները, որոնք ներառւում են «հակակառավարական» գործողութիւնների մէջ, գրեթէ մոռացութեան են մատնուել: Ընդհակառակը, սպանութիւն գործած յանցագործների ցանցը դատական որոշմամբ հնարաւորինս սեղմ է ներկայացւում: Գիրքը կրկին մեզ յիշեցնում է հետեւեալ հարցադրումը` «Իրօք, ինչո՞ւ սպաննեցին ոչ մուսուլմաններին»:

Անուն ունի, պատիժ չունի

Սիպել Հիւրթաշի գիրքը, որը լոյս է ընծայել «Իլեթիշիմ» հրատարակչատունը, բաղկացած է երկու հիմնական գլխից: Առաջին գլխում, որը սկսւում է «Թուրքիայի մութ անցեալի հետ առերեսում» պնդմամբ, հեղինակը ուշադրութիւն է հրաւիրում այնպիսի դատական գործընթացների վրայ, ինչպիսիք են Էրկենեքոնի դատավարութիւնը եւ դրան հետեւած «Վանդակ» եւ «Լախտ» գործողութիւնները: Սիպել Հիւրթաշը նշելով, որ այս դատավարութիւնների հարցաքննման փուլում յաճախ օրակարգ բարձրացուող ոչ մուսուլմանների սպանութիւնները հետագայ փուլերում գրեթէ մոռացութեան են մատնւում, ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ որոշակի փուլում Էրկենեքոնի եւ «Լախտ»-ի դատավարութիւնների շրջանակում ձերբակալուածներից եւ ոչ մէկը կատարած յանցագործութեան համար պատիժ չի կրում:

Յանցագործութիւն քայլ առ քայլ

Հիւրթաշի գրքի երկրորդ գլուխը նուիրուած է 2007 թ. Մալաթիոյ «Զիրվէ» հրատարակչութիւնում երեք հոգու (որոնցից մէկը` Գերմանիոյ քաղաքացի) սպանութեան հիման վրայ յարուցուած դատավարութեանը: Գրքում օգտագործուած փաստաթղթերը լոյս են սփռում, թէ ինչպէս է սպանութիւնը քայլ առ քայլ ծրագրուել, ընդ որում` պետական մարմինների իմացութեամբ: Միսիոնարներին հետեւել են ոչ միայն Մալաթիայում, այլեւ այնտեղ, ուր գնացել են, իսկ արդիւնքները ամէն ամիս Մալաթիոյ նահանգային անվտանգութեան ժողովում օրակարգ են բերուել: Հեղինակը յատկապէս շեշտում է, որ միսիոնարների հարցը Նահանգային անվտանգութեան ժողովների անփոփոխ օրակարգային խնդիր է դառնում, երբ 2006 թ. յունուարին Մալաթիոյ նահանգի ոստիկան զօրաց հրամանատար է նշանակւում Մեհմեթ Ուլկերը:

Լրտեսին 100 հազար թուրքական լիրա

Գրքում ուշագրաւ տեղեկութիւններ կան նաեւ նախքան սպանութիւնը «հետախուզութեան համար յատկացում» անուան տակ կատարուած ծախսերի վերաբերեալ: Իլքեր Չընար անուամբ հետախոյզին 2 տարուայ ընթացքում վճարուել է 100 հազար թուրքական լիրա: Գրանցուած վճարումների մի մասը ստացել է որպէս Ծայրայեղ աջակողմեան գործողութիւնների մասնաճիւղի հրամանատար:

Գրքում կարդում ենք. «2007 թ., երբ Մեհմեթ Ուլկերը Մալաթիոյ նահանգային ոստիկան զօրաց հրամանատար է նշանակուել, այդ հրամանատարութեան յատկացումներն ամբողջութեամբ օգտագործուել են միսիոնարական գործունէութեան համար: Վճարումների մի մասը կատարուել է Իլքեր Չընարին: Նախքան սպանութիւնը աշխատանքներին մասնակցելու համար Չընարին վճարել են 10 հազար 315 լիրա, ով այս փողերը ստացել է որպէս Ծայրայեղ աջակողմեան գործողութիւնների մասնաճիւղի հրամանատար»: Վճարման փաստաթուղթը պահանջած դատախազին Չընարն ասել էր. «Ճիշդ է, որ ստացել եմ 10 հազար 315 լիրա գումար, սակայն այս գումարը ստացել եմ ոչ թէ սպաննուածներին լրտեսելու, այլ Մալաթիայում իրականացուող ծրագրի շրջանակներում կատարուած ծախսերի համար»: Երկու տարուայ աշխատանքի դիմաց Չընարի ստացած աշխատավարձը շատ աւելի բարձր էր: Այս գումարի համար Չընարը դատախազին ներկայացրել էր հետեւեալ փաստաթղթերը. «Մալաթիոյ «Զիրվէ»  հրատարակչութեան սպանութիւնից առաջ եւ յետոյ մօտ 2 տարուայ ընթացքում կատարած աշխատանքիս, իմ տուած տեղեկութիւնների եւ պատրաստած զեկոյցների դիմաց Մալաթիոյ  հետախուզութեան մասնաճիւղի կատարած գաղտնի յատկացումից եւ Թուրքիոյ ազգային ռազմավարութեան եւ գործողութեան վարչութիւնից ինձ կատարած փոխանցումները մօտ 100 հազար են կազմել: Այս վճարումների մի մասը փաստաթղթով ամրագրուած չէ»:

ՃԵՄ ԿՈՒՐՊԵԹՕՂԼՈՒ

Թարգմանեց` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»

http://www.aztagdaily.com

Scroll Up