Հերոսները. Մոնթե Մելքոնյան և Քրիստափոր Իվանյան
Լույս է տեսել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի «Հերոսները» գիրքը, որը ներկայացնում է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ՝ Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) և Քրիստափոր Իվանի Իվանյանի կյանքն ու գործունեությունը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը նպատակ ունի անմահացնել 20-րդ դարավերջին ծավալված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը, որը տվեց մեծագույն հերոսների մի ողջ համաստեղություն: Մոնթե Մելքոնյանը (Ավո) և Քրիստափոր Իվանյանն այդ համաստեղության անմար աստղերից են:
Գրքի մուտքի խոսքում հեղինակը նշում է. «Մոնթե Մելքոնյանը և Քրիստափոր Իվանյանն այնպիսի անհատներ են, որոնց ապրած կյանքն ու սերունդներին թողած դասերն արժանի են ընդօրինակման և ուսանելիության: Մոնթե Մելքոնյանը և Քրիստափոր Իվանյանն անհատներ են, ովքեր ծնվելով հայրենիքից հեռու, անդադար «տառապեցին» Հայրենիքի մեջ ապրելու և Հայրենիքով հարստանալու անաղմուկ ցանկությամբ: Նրանք եկան իրենցից անկախ, սակայն նույն մղումով և նույն արյան կանչով: Եկան հաստատելու երկրին ծառայելու, հարազատ ժողովրդին արածով օժանդակելու սրբազան իրավունքն ու պարտականությունը և արդյունքում թողեցին հավերժության պես անմար մի իրականություն: Հայրենիքի և անհատի միասնությամբ իմաստնացած իրականություն»:
Սենոր Հասրաթյանի «Հերոսները» գիրքը տպագրվել է Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում: