ՍԵՅՐԱՆ ԿՈՃԿԱՆՅԱՆ. «Մենք պետք է հզոր, ուժեղ Հայաստան ունենանք»

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը մասնակցում էր  նաև ՌԴ-ի Տվերի մարզի հայկական համայնքի նախագահ Սեյրան Կոճկանյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Պարո´ն Կոճկանյան, հավաք-հանդիպման ընթացքում բարձրացվեցին Սփյուռքի, այս դեպքում` ԱՊՀ տարածաշրջանի երկրների հայկական համայնքներին հուզող հարցեր, խնդիրներ, նաև` առաջարկություններ: Ինչպե՞ս եք այս առումով գնահատում համաժողովը:

– Համաժողովներն, անշուշտ, կարևոր են, սակայն անհրաժեշտ է, որ դրանք ծառայեն բուն նպատակին: ՀՀ սփյուռքի նախարարը, հիրավի, շատ կարևոր հարցերի, խնդիրների շուրջ էր տանում զրույցը, սակայն համայնքների ներկայացուցիչներն ավելի շատ ներկայացնում էին համայնքների ստեղծման պատմությունը, ծավալած գործունեությունը. առաջարկություններ գրեթե չհնչեցին: Համաժողովի ընթացքում բարձրացրած հարցերը պետք է դառնային օրակարգային, լուծեին ինչ-ինչ խնդիրներ: Եվ, այնուամենայնիվ, այդ հանդիպումը շատ կարևոր էր. մենք պիտի շփվեինք իրար հետ, լսեինք իրար, համագործակցեինք:

– Խոսենք Ձեր ղեկավարած համայնքի ծավալած գործունեության, ձեռքբերումների, խնդիրների մասին:

Սիրով: Հայերը մոտ 40 տարի է, ինչ ապրում են Տվերում, իսկ համայնքը կազմավորվել է 1998-99 թվականներին: Ես ղեկավարում եմ 2008-ից: Համայնքը մեծ է, աշխույժ: Եկեղեցի ենք կառուցել, որի աշխատանքները կավարտենք 2014-ին: Մարզում ունենք թվով 5 մեկօրյա հայկական դպրոցներ: Տվերում ունենք 2 դպրոց, մեկը կոչվում է` «Курсы армянского языка», պարապմունքները տարվում են գրադարանում, մյուսը եկեղեցու բակում է:

– Այս համաժողովի ընթացքում ես հասկացա ցավալի մի իրողություն… Հնչեցին ելույթներ այն մասին, որ հայ երեխաները դժվարությամբ, հաճախ` ստիպելով են հաճախում հայկական դպրոց: Պատճառը ո՞րն եք համարում:

– Այո´, ցավալի փաստ է: Մի քանի պատճառներ են բերում. այն, որ հանգստի միակ օրը կիրակին է, բայց իրենք ստիպված են այդ օրն էլ իրենց երեխաներին քնից հանել, դպրոց տանել, դպրոց ուղարկել: Մյուս` ավելի ցավալի պատճառաբանությունն այն է, որ ծնողներից շատերի և երեխաների կարծիքով՝ իրենք մտադրություն չունեն վերադառնալ Հայասաստան, սովորել Հայաստանում, և ավելի ճիշտ են համարում հայերենի փոխարեն սովորել անգլերեն կամ որևէ այլ օտար լեզու: Երրորդ պատճառն այն է, որ ընտանիքներում հայկական ոգին չի պահպանվում… Իհարկե, կան ընտանիքներ, ովքեր ուրախությամբ են բերում իրենց երեխաներին:

– Սկսենք հենց այդտեղից. համայնքն ի՞նչ է անում, որպեսզի ընտանիքներում պահպանվի հայկականը` լեզուն, հավատքը, ազգային ավանդույթները:

– Ասեմ, որ ունենք դպրոց, ունենք անվճար երգչախումբ, ուր հաճախում են 6 տարեկանից մինչև 20-25 տարեկանները: Երգչախմբի ղեկավարը հրավիրված է Հայաստանից և սովորեցնում է զուտ հայկական ժողովրդական երգեր: Ունենք պարախումբ, որի` Հայաստանից հրավիրված նույնքան հրաշալի մասնագետը սովորեցնում է հայկական ժողովրդական պարեր: Երկու խմբերն էլ միշտ համերգներ են տալիս: Այսպես փորձում ենք ինչ-որ չափով պահպանել հայկական ոգին:

– Չե՞ք կարծում, որ շաբաթը մեկ անգամ կարելի է հավաքել համայնքի երիտասարդներին և հմուտ մասնագետի միջոցով նրանց ներկայացնել մեր լեզվի, գրականության, պատմության կարևոր էջերը, ծանոթացնել մեր մշակույթի երախտավորների կյանքին ու գործունեությանը… Կարևոր է, որ Հայաստանի մասին շատ ավելին իմանան:

– Իհարկե, դա կարևոր է: Մենք դպրոցում ներկայացնում ենք մեր պատմության էջերը: Համալսարաններում անց ենք կացնում «Հայոց լեզվի օր», «Հայ մշակույթի օր», հրավիրում ենք բոլոր հայ երիտասարդներին, գալիս են նաև այլ ազգերի երիտասարդներ: Փոքրիկ ֆիլմեր ենք ցուցադրում: Ունենք նաև «Ազդարար» տպագիր մամուլ` 2010 թվականից: Տարին մեկ անգամ կազմակերպում ենք «Հայաստանի հպարտություն» միջոցառումը, հրավիրում ենք մարզի բոլոր շնորհալի հայ երեխաներին: Ունենք հաջողությունների հասած մարզիկներ, որոնց քաջալերելու համար կազմակերպում ենք համերգներ: Թեև եկեղեցին չի գործում, բայց արդեն մկրտություն ենք արել, պսակի արարողություն: Եվ այս ամենից հետո պիտի ասեմ, որ Ռուսաստանում հայապահպանությունը շատ դժվար է. շուտ են ձուլվում, մոռանում մայրենի լեզուն: Շատ են խառնամուսնությունները: Սպունգի նման հայերը վերցնում են ռուսական ամեն ինչը:

– Հայերը ո՞ր բնագավառներում են հայտնի և որտե՞ղ են պաշտոնավարում:

– Գիտության բնագավառում շատ են հայերը: Ինքս էլ այդ բնագավառում եմ և ոչ մի խոչընդոտ չունեմ և չեմ ունեցել. Տվերի պետական տեխնիկական համալսարանի դասախոս եմ, դոցենտ, 20-ից ավելի գյուտերի հեղինակ: Հայերը շատ են նաև բժշկության բնագավառում, բայց կառավարական, իշխանական ամբիոններում ոչ մի հայ չկա:

– Հայ երիտասարդները ցանկություն ունե՞ն սովորելու Հայաստանի բուհերում:

– ՀՀ սփյուռքի նախարարությունից ստանում ենք մոտ 70 տեղ` սովորելու տարբեր մասնագիտություններով: Տնտեսագիտական, կիրառական, տեխնիկական առարկաներով երբեմն ցանկություն ունենում են, իսկ լեզու, հայ մշակույթ սովորելու ցանկություն ունեցողներ չկան, իսկ դա դրսում մեզ ավելի շատ է անհրաժեշտ:

– Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ աշխատանքներ եք տանում:

– Միջոցառումներ ենք կազմակերպում, խաչքարեր ենք տեղադրում. շուտով չորրորդ խաչքարը կտեղադրենք: Ցանկություն ունեինք ամբողջ աշխարհում 100 հայկական խաչքար տեղադրել. այդ մասին ասացի նաև   համաժողովում, բայց առանձնապես  արձագանք չեղավ… Ես հասկանում եմ, որ դա շատ ծախսատար է:

Որտե՞ղ  եք  տեղադրում այդ խաչքարերը:

Ռուսական եկեղեցու բակում. նախ` ապահով է, պաշտպանված  այլևայլ  ոտնձգություններից, հետո` եկեղեցի բազմաթիվ մարդիկ, զբոսաշրջիկներ  են այցելում  և հենց այդպես որոշ տեղեկություններ քաղում հայերի պատմությունից:

Լավ, պարո´ն Կոճկանյան, ես ուզում եմ իմանալ, թե Դուք ինչպե՞ս հայտնվեցիք  Տվերում և ինչո՞ւ…

1978թ. ընդունվել եմ  Տվերի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինձ տեղավորեցին նույն բուհի համապատասխան ամբիոնում, և սկսեցի զբաղվել  գիտահետազոտական  աշխատանքներով, ընդունվեցի ասպիրանտուրա, ամուսնացա հայուհու հետ, նա էլ Ջավախքից է: Ունեմ երկու երեխա, ընտանիքս հայախոս է, վերջերս տուն ենք գնել Երևանում և շատ հաճախ ենք  այստեղ լինում:

Կգա՞ք մշտապես ապրելու և աշխատելու Հայրենիքում:

Իհա´րկե, թեև շատ հաճախ ենք լինում Հայաստանում: Այս անգամ առիթը  նախարարության 5-ամյա հոբելյանն էր: Նախարարությունը մեր թիկունքին է, մեր ապավենը բոլոր հարցերում: Չենք ունեցել գրքեր, Սփյուռքի նախարարությունը ուղարկել է, չունեինք մասնագետներ, կինս, աղջիկս էին  պարապում հայոց լեզու: Անցյալ տարի մոտ 300 կգ. դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ ենք  տարել նախարարության շնորհիվ: Կամուրջ է  Սփյուռքի նախարարությունը, համայնքների հոգսերն ու խնդիրները կարգավորող: Շատերն ասում են, որ իրենց համայնքներում խնդիրներ չկան. կարծում եմ, որ այնտեղ, ուր խնդիրներ չկան, չկա աշխատանք:

Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս…

Հայաստանն առաջին հերթին մեր թիկունքն է: Ծննդավայրս Ջավախքն է, Ռուսաստանն իմ բնակատեղին է, Հայաստանը տունս է: Կարծում եմ, որ ամեն հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, Հայաստանում պիտի իր  օջախն ունենա: Հայաստանն իմ, մեր ապագան է: Ցանկանում եմ, որ Հայաստանում տնտեսական վիճակն այնքան լավանա, որ դրսում ապրող, դրսում աշխատող բոլոր հայերը Հայաստան վերադառնան: Ասում են, որ մենք պետք է ուժեղ, հզոր Սփյուռք ունենանք, ես ասում եմ` մենք պետք է հզոր, ուժեղ Հայաստան ունենանք:

Հարցազրույցը վարեց

Կարինե Ավագյանը

Scroll Up