Վերժինե Շապճըյան. «Արվեստն իմ հոգու մեջ է…»

Հայաստանում էր պոլսահայ նկարչուհի Վերժինե  Շապճըյանը, ով հյուրընկալվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: 

-Տիկի´ն Վերժինե, այս սրահում, ուր ժամադրված էինք, ինձ համար դժվար չէր Ձեզ ճանաչել. Ձեր արտաքինով տարբերվում եք բոլորից… Արվեստի մարդուն բնորոշ ինքնատիպ արտաքին, ոճ…

– Շնորհակալ եմ, արվեստն առաջին հերթին իմ հոգու մեջ է:

Որտեղի՞ց են Ձեր ծնողները:

– Հայրս Թրակիայից է, մայրիկս ալ` Խարբերդից:

Ո՞ր տարիքում սկսեցիք նկարել:

Շատ պզդիկ  չէի, երեսունեն վերջ:

Ինչո՞ւ հենց այդ տարիքում սկսեցիք նկարել, ի՞նչը  դարձավ պատճառ:

Դա հանկարծ չեղավ, որովհետև շատ կսիրեի նկարչությունը, շնորհք ալ ունեի: Ստիպվեցա  դպրոցեն վերջը աշխատել ընտանիքիս համար: Ակադեմիա չկրցա երթալ: Ընկերուհիս ըսավ. «Ակադեմիային մեջ  ատ չիկա. դուն արդեն ունիս շնորհքը և փափագը, ես քեզի ուսուցչուհիի հետ պիտի ծանոթացնեմ, ով նկարչուհի է, և դու անձնական դաս մը պիտի առնիս»: Այդ նկարչուհին Քրիստին Սալիերին է, ում լավ են ճանաչում Հայաստանում: Նա եղավ իմ առաջին ուսուցիչը: Իրեն հետ 3 տարի աշխատեցա` շաբաթը մեկ անգամ:

Ի՞նչ էր Ձեզ սովորեցնում Քրիստին  Սալիերին:

Շատ բաներ` թեքնիքը (տեխնիկան), գծանկարելը, ներկերի հետ աշխատելը: Առաջ մատիտով  սկսա նկարել, անկե վերջը` պաստելով, յուղաներկով…

Տիկի´ն Վերժին,  ո՞րն է եղել  Ձեր առաջին նկարը:

Ծաղկեփունջ մըն էր: Դրանք աշնանային ծաղիկներ էին, որոնց մեզ մոտ  անվանում են քասըմփաթ և անեմոններ: Ուսուցչուհին ըսավ, որ այն, ինչ որ գծած են  աշակերտուհիները, պիտի ցուցադրվին:

Իմ անեմոնները  քեռայրս և քույրս փափագեցան  առնիլ: Քասրմփաթներն ալ մեկ ընկերուհիիս հայրիկը,  որ շատ էր սիրում նկարչությունը, գեղարվեստը, ուզեց օգնել, չտվի, ըսի, որ չեմ տար… Ինքն ալ  ըսավ, որ եթե հոդ դրել եմ, պիտի տամ, պիտի վարժվիմ: Շատ չուզելով, շատ դժվարությունով` տվի, բաժանվեցա իմ նկարից…

Որո՞նք են Ձեր նկարների թեմաները…

Ես շատ եմ ճամփորդում: Վերջին տարիներու գացած տեղերս կը նկարիմ: Մեքսիկա նկարեցի` ճարտարապետությունովը, ճամփաներովը, պտուղներովը, մարդկանցովը: Բավական պտտվեցա վերջին տարիներին. Եգիպտոս գացի, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա… Վիեննան շատ եմ սիրում: 30 տարի առաջ Հայաստան եղած եմ, ցուցահանդես բացի…

30 տարի՞

Այո´, 30 տարի առաջ նկարիչ արձանագործ Հմայակ Բդեյանը եկել էր Պոլիս, ծանոթացանք, տեսավ գործերս և ինձ հրավիրեց հոս` ցուցահանդես ընելու: Մեկ ամսից ավել կեցա հոս` Հայաստան, և մեկ բան մը ծախվեցավ. ֆրանսիացի պարոն մը առավ նկարս: Մնացած գործերս ձգեցի հոս` իրենց, որ վաճառեն, և ասացի, որ վաճառքի դրամը հատկացնեն պզտիկներուն. ալ ինչ ըրին, չեմ գիտեր:

30 տարի առաջ շատ գեշ շրջան մըն էր Հայաստան, հանրապետությունը նոր-նոր ոտքի կը կանգներ, շարժը պատահեր էր: Մեկ ամսից ավելի ինծի ինչպե˜ս պատվեցին, չեմ կրնար բացատրել. կյանքիս երջանիկ ամիսները եղան: Հիմա շատ է փոխվել Հայաստանը:

–         30 տարի անց ի՞նչ առաքելությամբ  եք Հայաստանում:

–  Եկա և աշխատեցա Սանահին, կտավ մը ըրի: Ինծի փնտրեցին, ըսին, որ տիկին Հրանուշ Հակոբյանն է ինծի ուզում տեսնիլ: Ըսի, որ ադ գործը Հայաստանին կը նվիրեմ կոր: Ըսավ, որ պիտի վաճառինք և սուրիացիներուն օգնինք: Ըսի, որ ինչ կուզեն, թող ընեն. կուզեն, թող սուրիահայերուն տան վաճառքի դրամը, կուզեն, թող տղոցը տան:

–  Այդ նկարը, ցավոք, չեմ տեսել…

–  Ես Ձեզի ըսեմ, որ շատ գեղեցիկ գործ մըն է: Սանահինին վանքն է` իր ողջ շրջապատովը: Չուզեցա խաչը նկարել, որոշեցի հետաքրքիր բան մը ընել. խաչին տեղը արծիվ ըրի` կլոր շրջանի մեջ: Շատ հետաքրքիր է. թևերը բացած արծիվ է, շուրջն ալ` ոսկիով կլոր մը:

–  Որևէ նկար արե՞լ եք Հայաստանում, որը պիտի տուն տանեք:

–  Ես Հայաստանի տեսարժան վայրերի, եկեղեցիների ալբոմները, կատալոգներն եմ հետս տուն տանում:

–   Տիկի´ն Վերժին, Ձեզ Ստամբուլում ճանաչո՞ւմ են:

–  Այո´, գիտեն, գնահատում են: Տիկին Հակոբյանին ձեռքեն երկու տարի առաջ Արշիլ Գորկիի շքանշան ստացա: Անկե վերջ չճանչցողներն ալ ճանչըցան:

–  Պոլսահայ մտավորականության ներկայացուցիչները ճանաչո՞ւմ են մեկը մյուսին, շփվո՞ւմ են իրար հետ:

–  Անշո´ւշտ, հավաքվում ենք ակումբներուն մեջ, զրուցում:

–  Ո՞րն է Ձեր երազանքի կտավը, որ դեռ պիտի ստեղծեք:

–  Երևանը: Հայաստանի շատ վանքեր: Երեկ Նորավանք էի, շատ կը սիրեմ Գեղարդը:

–  Որտե՞ղ եք մտադիր բացել հաջորդ ցուցահանդեսը:

–  Կուզեմ Բեյրութ ցուցահանդես մը բանալ: Բեյրութը մշակույթ, արվեստ գնահատող, սիրող է:

–  Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը, որտեղ 30 տարի չեք եղել:

–  Իմ կարոտս է, հոգիս է Հայաստանը: Ան շատ փոխվեր է, ասես Եվրոպա ըլլա: Կուզիմ՝ միշտ առաջ երթա: Շատ գեղեցիկ աղջիկներ կան հոս, շատ աղվորիկ երիտասարդներ, ճաշակավոր:

–  Բոլոր գործերն, անշուշտ, Ձեր զավակներն են, բոլորի վրա մեծ աշխատանք եք տարել. կա± մեկը այդ ցանկում, որը Ձեզ առավել սիրելի է, որի վրա առավել շատ եք տքնել:

–  Կապադովկիան է ադ գործս. առաջին ճամփորդությանս աշխատանքն էր ատիկա: Շատ սիրով աշխատեցա: Մեկ ընկերս տեսավ և զարմանքով, հիացքով բացականչեց` աս ի˜նչ հրաշք է, Վերժի´ն:

–  Տիկի´ն Վերժին, շնորհակալություն: «Հայերն այսօր»-ի կողմից մաղթում եմ Ձեզ ստեղծագործական մեծ լիցքեր, նորանոր ճամփորդություններ, ցուցահանդեսներ, հային ու Հայաստանը Ձեր կտավներում ներկայացնելու երբեք չխամրող գույներ, խոսուն, լիքը ներկապնակ: 

Հարցազրույցը վարեց

Կարինե Ավագյանը

Scroll Up