Խոստումնալից ապագա Հայաստանի շրջանների երիտասարդների համար

Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում հիմնադրված Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամը հավատարիմ մնաց իր առաքելությանը և ևս մեկ քայլ կատարեց Հայաստանի շրջանների երիտասարդության խոստումնալից ապագայի կերտման ճանապարհով: Այս նոր նախաձեռնության իրականացմամբ հասանելի դարձան այնպիսի արհեստների և մասնագիտությունների ուսանումը, որոնց շնորհիվ պատանիները կկարողանան լավ աշխատանք ունենալ ապագայում՝ չլքելով հայրենի քաղաքներն ու գյուղերը: Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամի նախաձեռնությամբ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) հետ համագործակցության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության երկու ուսումնական հաստատություններում հանդիսավոր արարողությամբ բացվեցին ինժեներական լաբորատորիաներ: Հաշվի առնելով այն փաստը, որ այս ծրագրի միջոցով աշակերտները հնարավորություն են ստանում ուսումնասիրել համակարգչային ծրագրավորումը, եռաչափ տպագրությունը, ռոբոտաշինության նախագծումը, ստեղծումն ու կառավարումը՝ այսպիսով նոր դուռ բացվեց դեպի հանրակրթական ուսումնական ծրագրում չներառված նոր ոլորտներ: Այս մասնագիտությունները աշխատանք ունենալու նոր հնարավորություններ են ստեղծում, քանի որ ՏՏ ոլորտը նոր մասնագետների մեծ պահանջարկ ունի:  Այսպիսով՝ ԱԱԿՀ-ն անչափ գնահատելի այս նախաձեռնության համար՝ արժանացավ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձր գնահատանքին: Իր աջակցությունը ցուցաբերելու համար էլ այն ուրախությամբ ստանձնեց նորաբաց լաբորատորիաները բարձր որակավորմամբ դասախոսներով ապահովելու պարտավորությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են  Անուշավան Աբրահամյան  Կրթական Հիմնադրամից:

Առաջին ինժեներական լաբորատորիան՝  հագեցած յոթ համակարգիչներով, եռաչափ տպիչով, շառափային հաստոցով և ռոբոտաշինության հավաքածուով, բացվեց Արմավիրի Ինդուստրիալ Մանկավարժական Պետական Քոլեջում: Բացման արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք էլ կրթության ոլորտում ներդրած բարձր ավանդի համար շնորհակալական պատվոգիր հանձնեցին ամերիկահայ մեծանուն բարերար Անուշավան Աբրահամյանին:

Երկրորդ ինժեներական լաբորատորիան բացվեց Մարալիկի Պետական Արհեստագործական Ուսումնարանում, որով Շիրակի մարզի պատանիների համար ստեղծվեց բացառիկ հնարավորություն՝ զբաղվել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և հմտանալ ինժեներական կրթության մեջ: Արդեն սեպտեմբեր ամսից կմեկնարկեն առաջին դասընթացները՝ նախատեսված վեց տարբեր դասաժամերով: Հարկ է նշել, նաև որ դասընթացները կիրականացվեն անվճար հիմունքներով, ինչն էլ հնարավորություն կտա ուսանողների ավելի լայն շրջանակ ընդգրկել լաբորատորիայի աշխատանքներում: Լաբորատորիայում ծավալվող հետագա դասընթացները շարունակական կերպով կխրախուսվեն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից, քանզի այս բացառիկ նախաձեռնությունը դիտարկվում է, որպես ուղեղի և մտքի ուժի ճիշտ համադրման գերազանց օրինակ: Մեծարգո բարերար Անուշավան Աբրահամյանի այս նախաձեռնությունն աննախադեպ առաջընթաց է հանրային կրթության համար, որովհետև այն հանդիսանում է իր տեսակի մեջ առաջին ծրագիրը, որը հասանելի է դարձնում ինժեներական ոլորտի ուսումնասիրությունները նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններին:

ԱԱԿՀ-ն շարունակում է առաջ ընթանալ՝ հավատալով և իրագործելով այսպիսի ծրագրեր, որոնք ավելի կայուն և խոստումնալից ապագա են ստեղծում Հայաստանի երիտասարդ սերունդների համար:

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել www.aaefund.org վեբկայք կամ կապ հաստատել ԱԱԿՀ-ի հետ հետևյալ info@aaef.org հասցեով:

հիմնադրամ1

Scroll Up